«Գյումրի» ԲԿ-ում մահացած կնոջ հարազատները մտադիր են դիմել իրավապահ մարմիններին
Երկու օր առաջ «Գյումրի» ԲԿ-ում մահացած 66ամյա կնոջ հարազատները մտադիր են դիմել իրավապահ մարմիններին: Տեղեկությունը, թե երկու անգամ կնոջն առաջարկվել է թեստավորել, և երկու անգամ էլ թեստավորումից հրաժարվել են, այն էլ գրավոր, հիվանդի հարազատները հերյուրյանք են որակում:
Կատարվածի իրենց տարբերակը «Արմենպրես»-ին ներկայացրեց կնոջ ամուսինը՝ Հայ Առաքելական եկեղեցու հովիվ Տեր Եզնիկ քահանա Գալստյանը, ով պնդում է, թե չի եղել գրավոր հրաժարվելու փաստ՝ այնպես, ինչպես ներկայացնում են պոլիկլինիկայից:
«Գյումրու միջազգային կարմիր խաչի» պոլիկլինիկայի տնօրեն Հովհաննես Վարձելյանն էլ «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ տեղեկացրել է, որ փաստաթուղթ կա. «Հրաժարվելու մասին նշում կա անկետայի մեջ: Մենք պարզապես իրավունք չունենք անձնական գաղտնիք պարունակող տվյալները այս պահին հրապարակելու, բայց անհրաժեշտության դեպքում դա կարող ենք անել»: Ի պատասխան այս պնդման Տեր Եզնիկը փաստում է՝ նման փաստաթուղթ չկա: «Չկա, եթե կա նման բան, ես համաձայն եմ, թող այս պահին հրապարակեն»: Ընդհանրապես, ըստ հանգուցյալի հարազատների, չի եղել թեստավորման խիստ անհրաժեշտության մասին խոսակցություն պոլիկլինիկայում, այլ միայն հեռախոսազրույցի ժամանակ է դրա մասին խոսվել:
Կնոջ հարազատները դեպքերի այսպիսի ընթացք են պատմում` երեքշաբթի զանգել են պոլիկլինիկա, ասել են՝ ինչ խնդիրներ ունի հիվանդը, բուժքույրը ասել է, թե իրեն հարմար չի, թող հինգշաբթի գան, հինգշաբթի (հունիսի 11-ին) ևս նա տեղում չի եղել, բայց ստուգել են թոքերը: Նույնիսկ չեն առաջարկել թեստավորել այն դեպքեւմ, երբ հիվանդը ջերմություն է ունեցել: Հետո հինգշաբթի բժշկուհին զանգահարել և հայտնել է ռենտգենի պատասխանները, և որ թոքաբորբ ունի: Բայց նույնիսկ չի ասել, որ հնարավոր է կյանքին վտանգ սպառնա: Հարազատներն էլ մտածել են, որ դարձյալ թոքաբորբ է, ինչպես մի անգամ էլ է եղել: Բժշկուհին ուղղակի զրույցի ընթացքում առաջարկել է թեստ հանձնել, ամուսնու՝ տանը մնալու առաջարկին դեմ չի եղել, նշանակել է տնային բուժում: Շաբաթ, կիրակի օրերին հեռախոսով կապ են պահել անձամբ բժշկի հետ, ունեցել են նաև տնային բուժքույր, ամուսնուն ասել են՝ հենց վատ լինի, մեզ ասեք, թեստ կհանձնենք: Երկուշաբթի կինը վատացել է, ամուսինը շտապօգնության բրիգադին խնդրել է տանեն ինֆեկցիոն հիվանդանոց, ինչին պատասխանել են, որ իրավունք չունեն:
Ըստ ամուսնու՝ կինն ինքը սկզբում չի ուզեցել տեղափոխվել հիվանդանոց, ասում է՝ վախենում էր, բայց, երբ արդեն վատ էր ու շտապօգնություն կանչեցին, ինքն արդեն չի առարկել, գիտենալով, որ տեղափոխում են հիվանդանոց: Իսկ կորոնավիրուսային հիվանդների բուժմամբ զբաղվող Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց շտապ բուժօգնությունը չի տեղափոխել, այլ տեղափոխել է «Գյումրի» կենտրոն:
«Ես իմ վշտի մեջ տեսնում եմ, թե ինչ ստեր են խոսել, պատմել են բաներ, որ չեն եղել»,-ասում է քահանան: Կնոջ հարազատները պնդում են, որ իրենք մինչև վերջ կգնան ու կապացուցեն իսկությունը՝ մեղավորներին արժանի պատժելու համար: