Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵԺԿ Արևելյան գործընկերության տեսակոնֆերանսին

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Բրյուսելից անցկացվող Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության առաջնորդների տեսակոնֆերանսին` ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի նախագահությամբ:

Հեռավար ձևաչափով այս հանդիպմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Արևելյան գործընկերության երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող մի շարք երկրների և կառավարությունների ղեկավարներ, ԵԺԿ անդամ երկրների ընդդիմության առաջնորդները, ինչպես նաև ԵԺԿ ղեկավար կազմի, Արևելյան գործընկերության երկրների, Եվրանեսթի և Եվրախորհրդարանի ներկայացուցիչներ:

Նախագահ Սարգսյանը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության ու անվտանգության կարևորագույն մի շարք հարցերի: Սերժ Սարգսյանը խոսել է ինչպես կորոնավիրուսի համավարակի պայմաններում երկրում առողջապահական, սոցիալ-տնտեսական խիստ մտահոգիչ իրավիճակի, այնպես էլ չափազանց վտանգավոր մեկ այլ՝ պոպուլիզմի քաղաքական վիրուսով ախտահարված Հայաստանի իշխանությունների ապաշնորհ կառավարման արդյունքում երկրում ստեղծված ներքաղաքական վիճակի մասին:

Նա գործընկերներին հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները, որոնց երեկ հրապարակած հայտարարության մեջ խստորեն դատապարտել է իր գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մամինը:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգին և այդ համատեքստում` Եվրամիության և Հայաստանի միջև դեռևս 2017 թվականին ստորագրված՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման ընթացքին` ցավով նշելով, որ այս ուղղությամբ ևս Հայաստանի նոր կառավարության ջանքերը բավարար արդյունավետ չեն:

Սերժ Սարգսյանը հանդիպման մասնակիցների հետ խոսել է Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման խնդիրների, առկա մարտահրավերների մասին, իր մտահոգությունը հայտնել Ադրբեջանի կողմից համավարակի ընթացքում հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումների կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը հորդորել է գործընկերներին` անվերապահ պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մոտեցումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մի քանի անգամ ազդարարված հիմնարար սկզբունքների հիման վրա:

Рус, Eng ⬇️Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵԺԿ Արևելյան գործընկերության տեսակոնֆերանսինՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ…

Gepostet von ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ / Office of 3rd President of RA am Mittwoch, 17. Juni 2020

Տեսանյութեր

Լրահոս