Մեկ այլ գործով հարցաքննության ծանուցում է ուղարկվել նաև Նվեր Ծառուկյանին

ԱԱԾ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում  ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կապված իրավական հարցերին չպատասխանեց՝  ասելով, որ առաջիկայում կկազմակերպվի փաստաբանների ասուլիսը, որպեսզի լրագրողները ստանան իրենց հուզող իրավական հարցերի պատասխանները:

«Այս պահին ես իրավական մանրամասների չեմ տիրապետում»,- նշեց նա:

Հարցին՝ Գագիկ Ծառուկյանի ընտանիքի անդամներից  որևէ մեկն անցնո՞ւմ է որևէ գործով, կամ՝ հարցաքննության հրավիրվե՞լ է, Տոնոյանը պատասխանեց. «Տեղյակ եմ, որ Նվեր Ծառուկյանն է քրեական մեկ ուրիշ գործի շրջանակներում հարցաքննության մասնակցելու ծանուցում ստացել, և սա՝ հենց այն նույն օրը, երբ պարոն Ծառուկյանը հրավիրվել էր ԱԱԾ հարցաքննության: Սրա մասին նա խոսեց՝ սա  իշխանությունների բարոյալքության աստիճանի մասին է վկայում, երբ պարոն Ծառուկյանին հրավիրում են հարցաքննության, և րոպեներ անց նաև նրա որդուն են այլ քրեական գործի շրջանակներում հրավիրում հարցաքննության: Գործի տվյալներին  մանրամասն չեմ տիրապետում»:

Տոնոյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանի որդին երկրում է:

Հարցին՝ եթե Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում կայացվի, ի՞նչ գործողություններ են լինելու իրենց կողմից, Իվետա Տոնոյանը վստահեցրեց՝ օրենքով իրենց վերապահված բոլոր գործիքակազմերն օգտագործելու են: Իհարկե, արտակարգ դրության պայմաններում հանրահավաքային կոչեր չեն անելու և ոչ էլ մեկ այլ բան, որը կվտանգի ազգաբնակչության առողջությունը:

«Բայցև որևէ դեպքում  չենք կարող սահմանափակել մեր համակիրների, կուսակիցների ազատ կամքն արտահայտելու ցանկությունը»,- շեշտեց նա:

Իվետա Տոնոյանը կրկնեց Գագիկ Ծառուկյանի պահանջ-հայտարարությունը՝ կառավարությունը 100 տոկոսով պետք է փոխվի:

Ճշտող հարցին՝ Նիկոլ Փաշինյա՞նն էլ, Տոնոյանը հակադարձեց, թե կարծում է, որ թվաբանության և հասկանալու հետ կապված որևէ մեկը խնդիր չունի և շատ լավ հասկանում է, թե ԲՀԿ-ն ինչ նկատի ունի, երբ հայտարարում է, որ կառավարության 100 տոկոսը պետք է փոխվի, այսինքն՝ այդ թվում՝ վարչապետը:

Հարցին՝ ո՞վ է վարչապետի Ձեր թեկնածուն, ԱԺ պատգամավորն ասաց, որ նման քննարկում չեն ունեցել:

«Մեր քաղաքական ուժը վարչապետի պաշտոնի համար չէ, որ պայքարում է, վարչապետի դեմ չէ, որ պայքարում է:  Մենք ասել ենք և ևս մեկ անգամ վերահաստատում ենք՝ մենք քաղաքական դաշտի բոլոր առողջ ուժերին, հասարակական սեկտորի ներկայացուցիչներին, մտավորականներին համախմբելու կոչ ենք արել՝ ոչ թե վարչապետի դեմ պայքարելու, այլ՝ երկիրը ստեղծված խայտառակ վիճակից դուրս բերելու»,- եզրափակեց Տոնոյանը:

Տեսանյութեր

Լրահոս