ԱԺ-ի մոտից բերման ենթարկվածների մի մասն ազատ է արձակվել, փոխարենը՝ ԱԱԾ-ի մոտ հավաքվածներն են բերման ենթարկվում

Արդեն տեղեկացրել էինք, որ կեսօրին Ազգային ժողովի շենքի դիմացից բերման էին ենթարկել Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանին և երիտթևի նախագահ Աշոտ Անդրեասյանին։ Երկուսին էլ  տարել են ոստիկանության Էջմիածնի բաժին, 168.am-ին հայտնել էր Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը։

Ժամը 16:00-ի մոտակայքում Երևանի ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը մեզ հայտնեց, որ տարբեր բաժանմունքներում գտնվող քաղաքացիների մի մասին արդեն ազատ են արձակել:

«Հիմա էլ ԲՀԿ համակիրները, ովքեր հավաքված են եղել ԱԱԾ շենքի մոտ, նրանց են բերման ենթարկել»,- փոխանցեց մեր զրուցակիցը։

Հավելենք, որ Ոստիկանության փոխանցմամբ՝ Ազգային ժողովի հարակից տարածքներից ժամը 13:30-ի դրությամբ 154 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանության բաժիններ։ Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար՝ «Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով»։

Տեսանյութեր

Լրահոս