«Պարոն Դավթյան, հետ կանգնեք այն ամենից, ինչ այսօր անում եք». Արթուր Դալլաքյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանն այսօր խորհրդարանի ամբիոնից հիշեց, թե երբ ինքը 16-17 տարեկան էր, իր աչքի առջև տեղի էին ունենում քաղաքական ռեպրեսիաներ:
«Այս ամենը ասում եմ, քանի որ այսօրվա հետ համեմատականներ եմ տեսնում, այդ ամենը տեղի էր ունենում 90-ականներին: Մենք տեսնում էինք, թե ինչպես էին քաղաքական ուժերին ռեպրեսիաների ենթարկում, ընդ որում, ես էլ եմ ենթարկվել: Տեսնում էի նաև, թե ինչպես կարելի էր քաղաքական մեծ ուժի ոչնչացնել, այդ ուժերն էին Ազգային ինքնորոշումը, Դաշնակցությունը և այլն»,- նշեց պատգամավորը:
Դիմելով իշխանական պատգամավորներին՝ նա ասաց, որ չէր ցանկանա, որպեսզի նրանք էլ նույն ճանապարհով անցնեին և համեմատվեին անցյալի հետ:
«Մի անցեք այդ ճանապարհով, այդ մարդիկ չեն հարգվել, քանի որ կյանքեր են խլել, այդ մարդիկ անիմաստ տեղը շատերին տարել են այնտեղ, որտեղից հետ չեն գալիս: Անուններ են ջարդել, մարդու ապրած կյանք են ջարդել: Այդ ամենն այսօր շարունակվում է, ես տեսնում եմ իրավական բեսպրեդել, որը տեսել եմ նաև այն ժամանակ»,- շեշտեց Արթուր Դալլաքյանը:
Այնուհետև դիմելով Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ նշեց, որ իր մասնագիտական ունակությունների հետ կապված որևէ կասկած չունի, սակայն չպետք է փորձի դառնալ գործիք, այն գործիքը, որն այսօրվա իշխանություններին պետք է հարգի այլ նպատակների համար:
«Պարոն Դավթյան, Դուք ունեք ժամանակ, որ այդ ամենից պետք է հետ կանգնեք, գալու է ժամանակը, որ մարդիկ կհասկանան, որ այս ամենն ուղղակի ցիրկ էր: Պարոն Դավթյան, մենք մեր վախերը դեռ երիտասարդ տարիքում թողել ենք այլ տեղերում, Աստծու նկատմամբ է մնացել վախը: Ուղղակի կոչ եմ անում՝ հետ կանգնեք այն ամենից, ինչ այսօր անում եք»,- եզրափակեց պատգամավորը: