«Բոլորս պետք է ցուցաբերենք համբերատարություն և իրավապահ մարմիններին թույլ տանք անկաշկանդ կերպով իրականացնեն գործողություններ». Լիլիթ Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ խորհրդարանը մեկ գործառույթ է իրականացնում՝ տա՞լ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հնարավորությունը, թե՞ ոչ։
«Ազգային ժողովի պատգամավորներն այն անձինք չեն, որոնք հսկողություն են սահմանում, թելադրում կամ ճնշում են գործադրում իրավապահ համակարգի վրա: Հետևաբար՝ հարցը, թե ինչու գործ չի հարուցվում Սամվել Ալեքսանյանի և Արտակ Սարգսյանի նկատմամբ, պետք է ուղղեք իրավապահ մարմիններին: Մենք այս պահին իրականացնում ենք մեկ գործառույթ, որը բխում է մեր լիազորություններից»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հարցին, թե ընտրակաշառքի համար ինչու չեն ձերբակալում Արտակ Սարգսյանին՝ ՍԱՍ-ի Արտակին, և Սամվել Ալեքսանյանին, քանի որ նրանց կողմից ընտրակաշառք տալու վերաբերյալ եղել են նույնիսկ ձայնագրություններ:
Իշխանական խմբակցության ղեկավարը կոչ արեց, որպեսզի բոլորը հստակորեն սահմանազատեն քաղաքական և իրավական գործընթացները:
Ինչ վերաբերում է քաղաքական հայտարարություններին, Մակունցն ասաց, որ վերահաստատում է նախկինում իր արած հայտարարությունն առ այն, որ Գագիկ Ծառուկյանը հունիսի 5-ին իր հայտնի հայտարարությունն արել է, երբ արդեն ինչ-որ հանգամանքներում նրան տեղեկություններ էին հասել, որ իր հետ կապված իրավական դաշտում կան որոշակի խնդիրներ, և ԲՀԿ-ն այս ամենը որակեց՝ որպես քաղաքական հետապնդում:
«Կարծում եմ՝ մենք բոլորս պետք է ցուցաբերենք համբերատարություն և իրավապահ մարմիններին թույլ տանք անկաշկանդ կերպով իրականացնեն գործողություններ»,- հավելեց Լիլիթ Մակունցը:
Նա նաև ընդգծեց, որ տեղյակ չի եղել, որ ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են ԱԺ շենքը և Գագիկ Ծառուկյանին ուղեկցել են Ազգային անվտանգություն, ինչպես գրում է մամուլը: