ԱԺ երկրորդ խմբակցության ղեկավարին քաղաքական բռնաճնշումների ենթարկելու վրա աչք փակելու և լռելու համար Փաշինյանը գին է վճարելու արտասահմանյան շրջանակներին․ Միհրան Հակոբյան

Քաղաքական, հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և միջազգային կառույցների ու դիվանագիտական ներկայացուցչությունների լռությանը։ Նա նշել, որ այդ լռության դիմաց նրանց ու Փաշինյանի միջև առևտուր է եղել։ «ԲՀԿ նկատմամբ ակնհայտ ցինիզմով շաղախված քաղաքական հետապնդումներն ու փողոցում բողոքող քաղաքացիների նկատմամբ բռնաճնշումներն իշխանությունն ուզուրպացրած Նիկոլ Փաշինյանին տանում են ուղիղ դեպի քաղաքական կործանում:

Ցավալին այն է, որ այդ կործանման համար գին ենք վճարելու նաև մենք բոլորս` Հայաստանի քաղաքացիներս: Խորհրդարանական երկրորդ խմբակցության ղեկավարին քաղաքական բռնաճնշումների ենթարկելու վրա աչք փակելու և լռելու համար Նիկոլ Փաշինյանը գին է վճարելու արտասահմանյան այն շրջանակներին, որոնք տարիներ շարունակ իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների և նրանց հետ աֆիլացված հասարակական ու մեդիակազմակերպությունների միջոցով բարձրաձայնել ու քննադատել են Հայաստանում տեղի ունեցող նման երևույթները:

Երևի պատկերացնում եք, թե հիմա ինչ առևտուր է գնում նրանց ու Նիկոլ Փաշինյանի միջև: Երևի հասկանում եք, թե լռության դիմաց ինչ են հիմա նրանք կորզում Նիկոլ Փաշինյանից:

Ըստ էության` մենք հիմա կանգնած ենք ազգային ազատագրական պայքարի մեկնարկի շեմին: Որովհետև լռության դիմաց այն ինչ խոստացել է նրանց Նիկոլ Փաշինյանը, ուղղակի անհամատեղելի է Հայաստանի գոյության հետ` որպես պետություն և որպես ազգ: Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում, փուլային տարբերակով Արցախի ազատագրված տարածքների հանձնում և Մեծամորի ատոմակայանի հետագա անխափան գործարկում… Սրանք ուղղակի անհամատեղելի են Հայաստանի ապագայի հետ: Ըստ էության, քաղաքական խոսքը լռեցնելու համար Նիկոլ Փաշինյանի կիրառած բռնաճնշումները այս դավաճանության դեմ պայքարելու համար քաղաքական գործիքակազմ չեն թողնում: Ելքը մնալու է օտար լծի դեմ մղվող ազգային ազատագրական պայքարը:

Հատկապես որ` «ապստամբության իրավունք» անունով ապուշությունը ժամանակին արդարացվել է մարդկանց կողմից, ովքեր այսօր իշխանական բազկաթոռներում վեր ընկած բյուջետային միջոցներն են լափում»,– գրում է Միհրան Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս