
«Դուք ազնիվ չեք, անկեղծ չեք՝ մենք այս քվեարկության մեջ անելիքներ չունենք, չենք մասնակցելու այս ֆարսին». Էդմոն Մարուքյանը՝ իշխանություններին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանի ամբիոնից խոսեց իշխող քաղաքական ուժի ազնվությունից և անկեղծությունից, թե որքանով է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սկսված գործընթացն ազնիվ, անկեղծ, իրավական կամ քաղաքական:
«2018 թվականի օգոստոսի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իջևան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասում է, որ Հայաստանում պետք է արմատախիլ արվի ընտրակաշառքի միջոցով ընտրություններում հաղթելու պրակտիկան: Եվ այն ուժերը, որոնք ընտրակաշառք են բաժանել, չպետք է գան ու մասնակցեն ընտրություններին: Բնականաբար, երբ այս հայտարարությունն անում էր, որպես երկար տարիների ընդդիմադիր պատգամավոր՝ գիտեր, որ միշտ ամեն ընտրությունից հետո եղել են խոսակցություններ, փաստեր, որ ընտրակաշառքներ են բաժանվում, նա գիտեր:
Հիմա՝ 2018 թվականի հոկտեմբերի 18-ին, «Մուլտի գրուպ» կոնցեռնի հետ համագործակցելով Հայաստանում խոշոր ֆերմայի բացմանը՝ Փաշինյանն ասել էր՝ Հայստանում օլիգարխներ չկան, հետևաբար՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Գագիկ Ծառուկյանը խոշոր սեփականատեր է: 2018 թվականի հոկտեմբերի 8-ին Գագիկ Ծառուկյանը և Նիկոլ Փաշինյանը ստորագրում են հուշագիր, որի չորրորդ կետը շատ հետաքրքիր է: Ըստ այդմ՝ կողմերը պատրաստվում են իրար հետ աշխատել երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը բարձրացնելու, Հայաստանի և Արցախի անվտանգությունն ամրապնդելու, սփյուռքի հետ համագործակցությունը խորացնելու, երկրում օտարերկրյա ներդրումներին նպաստելու, խորքային սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը, ապա հիշեցրեց, որ 2018 թվականի դեկտեմբերին նայելով Ծառուկյանի աչքերի մեջ՝ ասել է, որ ինքը գործարար է, ինչո՞ւ է եկել խորհրդարան, որից հետո սկսվում է ծանր պատերազմ ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի միջև: Այս ամենից հետո ձևավորվում է խորհրդարանը, որտեղ ԲՀԿ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը, և վարչապետը հայտարարում է, որ այն ամենախոշոր ընդդիմադիր ուժն է, հետևաբար՝ այդ խմբակցությունից պետք է ընտրեն ԱԺ փոխնախագահ, որով էլ իշխանությունը ճանաչել է ԲՀԿ-ի առողջ ուժ լինելու հանգամանքը:
«Այնուհետև ԲՀԿ ղեկավարի ընտանիքում տեղի է ունենում հարսանիք, բոլորս դրա մասին գիտենք, որին մասնակցում են ողջ իշխանությունից մարդիկ, այդ թվում՝ վարչապետը: Նրանք այս օրերին հարցազրույցներ են տալիս Գագիկ Ծառուկյանի մասին, ուղղակի չեմ ուզում կրկնել այն մտքերը, ինչը որ ասվում է: Երկար տարիներ այս խորհրդարանում աշխատում եմ՝ տեսել եմ ամեն ինչ, ուզում եմ Ձեզ հիշեցնել մի դեպք: Ուրեմն՝ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը գալիս է խորհրդարան ու ասում՝ թույլ տվեք քրեական հետապնդում սկսել ԲՀԿ-ի երկրորդ համար Վարդան Օսկանյանի նկատմամբ, որը հավակնում էր նախագահի թեկնածու լինելուն: Դատախազն ասում էր, թե Օսկանյանը փողեր է լվացել, նույնը արել է նաև նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, սակայն խորհրդարանական ընդդիմությունը քվեարկությունը բոյկոտում է: Նիկոլ Փաշինյանը դրանից հետո այստեղ ելույթ է ունենում և ասում, թե Օսկանյանը Ռոբերտ Քոչարյանի ռեժիմի ներկայացուցիչ է, և նա պետք է հետապնդվի, ինչը շատ զարմանալի էր»,- շեշտեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը, ապա հռետորական հարց բարձրացրեց, թե ինչպե՞ս եղավ, երբ պետք է իշխանությանը՝ ԲՀԿ-ն լավ ուժ է, Գագիկ Ծառուկյանը՝ խոշոր սեփականատեր, նրա տանը կարելի է գնալ քեֆ անել, հետո գալ խորհրդարան ու ասել, թե՝ գիտե՞ք ինչ է եղել:
Եվ քաղաքական գործիչը հարց է ուղղում արդյո՞ք օրենքն ընտրողաբար կիրառելու խնդիր չկա այստեղ:
«Բա որ հուշագիր էիք կնքում համագործակցության, այն ժամանակ քաղաքական իմաստով այդ մարդկանց լեգիտիմությունը ճանաչել եք, հիմա ինչպե՞ս եք ռեվերս անում: Մենք ԼՀԿ-ի հայտարարության մեջ արձանագրել ենք, որ այս գործի նկատմամբ կա քաղաքական հսկողություն: Ինչպե՞ս եղավ, որ ձեր նախարարների մոտ հայտնվեց քրեական գործի նյութերը: Ինքս՝ որպես Գագիկ Ծառուկյանի հետ շատ վատ հարաբերություններ ունեցող մարդ, բոլորդ էլ գիտեք, թե ինչու՝ ձեզ ասում եմ՝ դուք ազնիվ չեք, անկեղծ չեք, դուք չեք եկել փետրվար ամսին կալանավորելու: Մենք այս քվեարկության մեջ անելիքներ չունենք, չենք մասնակցելու այս ֆարսին»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը: