Հաջորդն Արմեն Սարգսյանն է. Մոդեստ Կոլերով
«Տեղի ունեցողը քաղաքական գործընթաց է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցին:
Մոդեստ Կոլերովը կարծում է, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված գործընթացը կրում է բացառապես քաղաքական բնույթ այս փուլում, և դա սպասելի էր: Սակայն, նրա խոսքով, անկասկած է նաև, որ այս քաղաքական գործընթացն ունի իրավական հիմքեր, քանի որ ամենաքիչը ՀՀ օրենսդրության մոխրագույն գոտում մինչև ամենավերջերս ողջ ՀՀ տնտեսությունն էր գործում:
«Այդ մոխրագույն գոտում մշտապես կարելի է գտնել մեղադրանք ցանկացած խոշոր սեփականատիրոջ կամ օլիգարխի համար: Սա ակնհայտ է, մոխրագույն գոտին միշտ ենթադրում է կոնֆլիկտ օրենքի հետ: Ակնհայտ է, որ այս քաղաքական գործընթացը հենց հիմա սկսելը կրում է քաղաքական բնույթ, քանի որ Գագիկ Ծառուկյանի աջակցությունը Փաշինյանին այլևս հարկավոր չէ: Նա երկու տարի առաջ աջակցեց Փաշինյանին, փաստորեն, իսկ ներկայումս այլևս հարկավոր չէ, վերջ: Եվս մեկ անգամ հիշեցնեմ հայտնի արտահայտությունը, որ յուրաքանչյուր հեղափոխություն, նույնիկ այն հեղափոխությունը, որը տեղի ունեցավ Հայաստանում, խժռում է իր հայրերին և զավակներին, դա տրամաբանություն է, ցանկացած հեղափոխական գործընթացի տրամաբանությունն է, և ուժային կառույցների ղեկավարների հեռացումն այդ գործընթացի շարունակությունն էր, դա ակնհայտ է»,- ասաց Մոդեստ Կոլերովը:
Նրա կարծիքով՝ ՀՀ նոր Սահմանադրությունը, որի մասին Փաշինյանն է խոսում, սպառնում է ՀՀ նախագահի ներկայիս դիրքին և կարգավիճակին:
«ՀՀ նախագահը ևս իր դերակատարությունը խաղացել է, օգտագործվել է, և նա ևս պետք է անխուսափելիորեն հեռանա: Ուստի ոչ մի զարմանալի բան, ոչ մի նոր բան տեղի չի ունենում: Ակնհայտ է, որ գործընկերներից ազատվելը յուրաքանչյուր հեղափոխական իշխանության դեպքում սպասելի գործընթաց է: Փաշինյանը եկել է իշխանության հեղաշրջման արդյունքում, սկզբում նրան հարկավոր էին գործընկերներ, ներկայումս նրան այդ գործընկերները պետք չեն, բացի դրանից, ակնհայտ է, որ նոր Սահմանադրությունն այլևս խորհրդարանական և վարչապետական չի լինելու, այն լինելու է նախագահական, և Փաշինյանը հավակնում է դառնալ նախագահ: Ծառուկյանին, ամենայն հավանականությամբ, կփորձեն ազատազրկել, նրա կուսակցությունն էլ կտապալվի այդ դեպքում, քանի որ, ըստ իս՝ նրա կուսակցությունը կրում է անձնավորված բնույթ»,- ասաց նա:
Խոսելով առաջիկա ներքաղաքական զարգացումների մասին՝ ռուս քաղաքական վերլուծաբանն ասաց, որ անկայունացումը սովորական սցենար է յուրաքանչյուր հեղափոխական իշխանության դեպքում: Նրա խոսքով՝ հեղափոխական իշխանությունն իր գոյատևման մի որոշակի փուլում դադարում է կիսվել իշխանությամբ և ետ է մղում իր գործընկերներին՝ դրանով իսկ մեծացնելով իր քաղաքական հակառակորդների թիվը: Սա, Կոլերովի պնդմամբ, ապագայում հանգեցնելու է իշխանություններից դժգոհ հատվածի շեշտակի աճին, իսկ ներկայումս, նրա կարծիքով, ՀՀ իշխանությունները դեռ ունեն աջակցություն հասարակության շրջանում: