Զգույշ ընտրե՛ք բառերը, առանց հասկանալու դրանք չարտաբերեք. Արթուր Դավթյանը՝ ԲՀԿ-ական պատգամավորներին
«Ուզում եմ վստահ լինեք, որ ես քաջ գիտակցում եմ իմ պատասխանատվությունը, քաջ գիտակցում եմ նախաձեռնված գործընթացի նշանակությունը»,- այսօր Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Ըստ էության, ելույթներում հիմնականում, եթե ոչ՝ ամբողջապես, քաղաքական, էմոցիոնալ խոսք հնչեց, և, հավանաբար, կարծում եմ՝ նաև դրանով փորձ արվեց, որպեսզի ես համարժեք արձագանքներ ներկայացնեմ, բայց ես հազարորերորդ անգամ պետք է կրկնեմ՝ իմ մասնագիտական էթիկան թույլ չի տալիս գնալ այդ գայթակղության հետևից: Սույն գործընթացը, ցավոք, ավելի շատ քաղաքական է, և երեկ, այսօր, վաղը որ դատախազն էլ գա նման նախաձեռնությամբ, դահլիճի որևէ կողմից հնչելու է «քաղաքական հետապնդում» խիստ սուբյեկտիվ գնահատականը»,- ասաց նա:
Արթուր Դավթյանն ընդգծեց, որ ինքը միշտ գործել և գործելու է օրենքով սահմանված կարգով, օրենքի պահանջին խիստ համապատասխան. «Իսկ օրենքի պահանջը հետևյալն է՝ օրենքի առջև հավասար են բոլորը, և հանցանք կատարած յուրաքանչյուր անձ ենթակա է քրեական պատասխանատվության: Ես շատ մանրամասն ներկայացրեցի միջնորդությունը, որը մաքուր իրավական փաստաթուղթ էր, թեև ո՛չ օրենքը, ո՛չ Սահմանադրությունն այդ փաստաթղթի բովանդակության վերաբերյալ որևէ պահանջ չի ներկայացնում, բայց ես քրեադատավարական համարժեք փաստաթղթերի նման ապացույցների թվարկով միջնորդություն եմ ներկայացրել, որ պետք է հնարավորություն տա ԱԺ յուրաքանչյուր պատգամավորի, այո, ինչպես դուք եք ասում՝ ձեր խղճի մտոք, ձեր ներքին համոզմամբ, այդ ապացույցները գնահատել և հետևության հանգել՝ իմ բերած միջնորդությունը հիմնավո՞ր է, թե՞ ոչ: Միջնորդությունը բացառապես իրավական փաստաթուղթ է, գործընթացը իմ համար կոնկրետ բացառապես իրավական գործընթաց է»:
Անդրադառնալով նախաքննական նյութերի արտահոսքին՝ գլխավոր դատախազն ասաց, որ ցանկացած ապօրինի արտահոսքի դեպքով քրեական վարույթ կիրականացվի, և բոլորը այդ մասին տեղյակ կլինեն:
Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթին, Արթուր Դավթյանը հետևյալն ասաց. «Պետք է իմ ցավը հայտնեմ, որ ԱԺ Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահի վիրավորախառն վարքագիծը ավանդականություն ունի, և ես կարծում եմ, որ կոնկրետ պատգամավորը և նրա գործընկերները այ սրա մասին պետք է մտածեն: Ինչ վերաբերում է տիկին Զոհրաբյանի կողմից մատնանշված՝ իր խոսակցությունների հրապարակման փաստին, կրկին հենց իր պահանջով ես այս դահլիճում խոստանում եմ, որ այդ խոսակցությունների և ձևական, և բովանդակային կողմը լինելու է բացառիկ հրապարակային: Դուք և մեր ամբողջ հանրությունը տեղեկանալու եք դրա բոլոր հանգամանքների մասին: Բայց հընթացս ինձ փոխանցեցին հաղորդումը, որի մասին բարձրաձայնում էր տիկին Զոհրաբյանը, մեջբերելով հետևյալ հատվածը՝ «պարզվեց, ԲՀԿ-ն առանց ընտրակաշառքի Հայաստանում ձեն չունի, պիտի ճշմարտության երեսին նայենք, թե չէ էդ ա, իրականությունը էդ ա», և սրա վերաբերյալ հարցադրումներ է ներկայացրել տիկին Զոհրաբյանը, որոնք զուտ իրավական գործընթացին առնչվող են, թե որքանո՞վ է իրավաչափ այս տեղեկությունները ձեռք բերելը և հրապարակելը, բայց սա իրականությո՞ւն է, թե՞ իրականություն չէ, որևէ վիճարկում ես, ամեն դեպքում, էս փաստաթղթում չտեսա»:
Արթուր Դավթյանը նշեց, որ պատգամավորները պետք է մշտապես իրենց սահմանների մեջ մնան և իրականացնեն բացառապես օրենքով նախատեսված իրենց գործառույթները. «Անվստահության գործընթա՞ց եք ուզում նախաձեռնել, նախաձեռնեիք երեկ, այսօր, վաղը, բայց ձեր խոսքի մեջ չանցնեք սահմանները: Պարոն Արթուր Դալլաքյան, ինձ հետ խոսելիս՝ զգույշ ընտրեք բառերը, առանց հասկանալու՝ բառեր չարտաբերեք»:
Վերջում հորդորեց ԱԺ պատգամավորներին՝ տալ համաձայնություն՝ ներկայացված միջնորդությանը. «Այն հնարավորություն կտա պարոն Ծառուկյանին համապատասխան դատավարական կարգավիճակ տալով, նրան ներգրավելով քրեադատավարական գործընթացի մեջ, իրականացնել լրիվ օբյեկտիվ բազմակողմանի նախաքննություն, որը, բնականաբար, հաշվի առնելով բոլորին հայտնի պայմանները՝ կլինի առավելագույնս հրապարակային՝ ինչպես ընթացքով, այնպես էլ՝ իր ամբողջ արդյունքներով»:
Մանրամասները՝ տեսանյութում