««Փիառստան» եք սարքել Հայաստանը, հերիք է՝ ձեր ուզածն ի՞նչ է». Արման Աբովյանը՝ իշխանություններին
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Ազգային ժողովում, ինձ համար ոչ սպասելի էր, իհարկե, ես չէի սպասում, որ բանը կհասնի նրան, որ հեղափոխություն արած ուժը կդառնա հակահեղափոխական: Պատճառը պարզ է, այն կարգախոսները, լոզունգները, որը իրենք հնչեցրեցին և ժողովրդի ուսերի վրա եկան իշխանության, այսօր իսպառ չի կատարվում»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը:
Նրա խոսքով՝ այստեղ խնդիրը բնավ Գագիկ Ծառուկյանը չէ, որ ընդամենն ասել է ճշմարտությունը՝ առանց սպառնալիքի, ամպագոռգոռ հայտարարությունների:
«Ծառուկյանն ընդամենը ասել է, որ իշխանությունները ձախողել են, և ձախողման հիմնական պատճառն այն է, որ մտնելով տաքուկ կաբինետներ, ստանալով պադավատներ՝ մոռացել եք, թե ձեզ ով է բերել իշխանության: Ես բոլորիդ ճանաչում եմ, երկու տարվա ընթացքում տարբեր իրավիճակներ են եղել, վստահ եմ, որ ձեր մեջ կան մարդիկ, որոնք ինձնանից լավ հասկանում են այսօրվա գործողությունների ապօրինությունը: Հասկանում են, որ այսօր իրենց ձեռքերով կատարվում է քաղաքական հակահեղափոխություն: Դուք շատ եք սիրում խոսել նախկիններից, կարծում եմ՝ դա ձեր սիրելի թեմաներից մեկն է, որ վայ, կարող է նախկինները գան, և այլն, նույնիսկ չեք պատկերացնում, թե դուք որքան եք նման նախկիններին»,- հավելեց պատգամավորը:
Պատգամավորի բնորոշմամբ՝ Գլխավոր դատախազը եկել է խորհրդարան և պարզապես հեքիաթ է կարդում, ցույց է տալիս ինչ-որ թղթի կտոր և հայտարարում, որ դրանով ՀՀ ամենախոշոր ընդդիմադիր ուժի ղեկավարին պետք է ենթարկեն քրեական հետապնդման: Այս ամենին զուգահեռ՝ տեղի է ունենում նաև լկտի տեղեկատվական գրոհ նախարարների ու կառավարության կողմից:
«Առողջապահության նախարարն իր գործը թողած՝ հրապարակում է նախաքննության փաստաթուղթ, և այստեղ Գլխավոր դատախազը կանգնած ասում է, թե նորմալ է, բա որ նորմալ է, իրենց ձեռքին ի՞նչ գործ ունի, ի՞նչ գործ ունի անբարո, լկտի պահվածքը՝ լի սպառնալիքներով: Պարոն Ծառուկյանը շատ լավ միտք արտահայտեց՝ դուրս եկեք Ֆեյսբուքից: Դուք խոսում եք վեհ գաղափարներից, դրա հետ մեկտեղ՝ գետնին տալով ամենակարևորը՝ անմեղության կանխավարկածը, մարդու արժանապատվությունը: Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչի հետ եք խաղում: Դուք միլիարդներ եք հորինում, տասնյակ գործեր, մի հատ «փիառստան» եք սարքել Հայաստանը, հերիք է, ձեր ուզածն ի՞նչ է: Ինչի՞ց եք վախենում, մի վախեցեք, աշխատեք: Դուք դավաճանության ճանապարհին եք, և այդ դավաճանությունը սկսվեց այն պահից հետո, երբ ոստիկանությունը գետնի վրա կանանց քրքաշ տանելով՝ բռնության էր ենթարկում, իսկ ձեր ջեբի հկ-ները և դուք ուրախ ստատուսներ էիք գրում: Մոռացե՞լ եք՝ ձեզ ոնց էին քարշ տալիս»,- շեշտեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ այսօր Գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ԱԺ, որպեսզի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին զրկեն պատգամավորական անձեռնմխելիությունից և նրա նկատմամբ սկսեն քրեական հետապնդում: