Հիանալի ելույթով հանդես եկած երիտասարդները Ֆինլանդիայի միջազգային մրցությում արժանացել են Գրան Պրիի
«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի երիտասարդ երաժիշտներ Արմեն Պուչինյանի և Արթուր Գրիգորյանի դաշնամուրային դուետը Ֆինլանդիայում կայացած 2-րդ WPTA միջազգային մրցույթում արժանանացել է Աբսոլյուտ մրցանակին (Գրան պրի)։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Պ․ Ի․ Չայկովսկու անվան դպրոցի սան Արմեն Պուչինյանը նշեց, որ մրցույթին մասնակցել են շուրջ 40 երկրի երաժիշտներ Կանադայից, Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանից, Հունաստանից, Ճապոնիայից, Ուկրաինայից, Շվեյցարիայից, Շվեդիայից, Իտալիայից, Թուրքիայից, Բրազիլիայից և մի շարք այլ երկրներից։
«Մրցույթն առցանց է իրականացվել՝ ելնելով նոր տիպի կորոնավիրուսի պատճառով աշխարհում տիրող իրավիճակից։ Անց է կացվել 1 փուլով, մենք Հայաստանից տեսաձայնագրություն էինք ուղարկել Ֆինլանդիա, ինչից հետո այնտեղ ժյուրիի անդամները ընտրել են հաղթողներին։ Շատ պատահական իմացա, որ մենք հաղթել ենք․ առավոտյան ուղղակի «Ֆեյսբուք»-ի իմ էջն էի թերթում և հանկարծ տեսա, որ WPTA միջազգային մրցույթի էջում դրված են մրցանակակիրների անունները։ Սկզբում բացեցի այնտեղ տեղադրված նկարները, կար 3 անուն՝ բայց չկային իմ և Արթուրի անունները, նեղվեցի»,- նշեց Արմենը։
Այդպես տխուր Արմեն Պուչինյանը, այնուամենայնիվ, սկսել է թերթել մրցույթի էջը և հայտնաբերել, որ այդ 3 անունը եղել է 2 արծաթե և 1 բրոնզե մեդալակիրների անունները, իսկ իրենք արժանացել են ամենաբարձր մրցանակին՝ Գրան Պրիին։
Պուչինյանն այդ պահին արագ վազել է ծնողների մոտ, կիսել իր ուրախությունը, ապա զանգել Արթուրին, ինչպես նաև իրենց ուսուցիչ Արմեն Բաբախանյանին և հայտնել լավ լուրը։