«Բանտից հետո էլ կյանք կա, բանտի մարդիկ էլ են մերը. մի՛ դատեք, որ չդատվե՛ք». Վարդան Ղուկասյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն այսօր խորհրդարանում ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությամբ իր ելույթը սկսեց նրանով, թե երբ լսել է, որ գլխավոր դատախազը միջնորդությամբ պետք է հանդես գա, ելույթ ունենա և ինչ-որ փաստեր ներկայացնի, դրանք պետք է վերաբերեին Հայկ Հարությունյանի Կուտոյանի, Մարիուս Յուզբաշյանի և 2007 թվականին իրենց նկատմամբ կատարված մահափորձի փաստերին։

«Հա, բացահայտված է այն առումով, որ, ասենք, Հայաստանում ինքնասպանությունները շատ են, մանավանդ՝ նախարարների և ուժային նախարարների նկատմամբ: Բայց իմացա, որ Գագիկ Ծառուկյանին պետք է ներկայացնեն անվստահություն, և հիշում եմ, որ Գագիկ Ծառուկյանի թիմը՝ սկսած ինձանից, պաշտպանում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, Նիկոլ Փաշինյանին: Այս մասին բոլորն էլ շատ լավ գիտեն, շատերն ինձանից նեղացել էին: Ցավում եմ, որ փոխանակ այսօր՝ ինչ ճանապարհով որ եկան կառավարման, խորհրդարան, մեր սիրելի գործընկերները քննադատում էին այլ կառույցների,  այդտեղից կարծես որևէ բան չի պակասում»,- նշեց նա:

Շարունակելով՝ պատգամավորն ընդգծեց, որ նախկին բարքերն այսօր էլ շարունակվում են: Նա ցավով նաև արձանագրեց, որ, երբ պատգամավորներից մեկը որևէ խոսք է ասում, մյուսները պատրաստվում են արագ կարգով թռնելու նրա դեմքին, փակեն նրա բերանը, որպեսզի կարծիք չհայտնի:

Ըստ Վարդան Ղուկասյանի՝ Գագիկ Ծառուկյանը տասնյակ-հազարավոր աշխատատեղեր է ստեղծել, պատկերացնո՞ւմ են, որ այդ տասնյակ-հազարավոր մարդիկ միանան Գագիկ Ծառուկյանին: Սա էլ՝ այն պայմաններում, երբ վերջինը որևէ պետական մարմնում չի աշխատել, այլ ամեն ինչ արել է սեփական ուժերով:

«Ծառուկյանը կարողացել է մարդկանց հետ հարաբերություններ պահել, դրա շնորհիվ էլ լորդերին բերեց հասցրեց մինչև Արցախ: Հիմա, որ Կոնյակի գործարանը փակվի, դրա համար ո՞վ է պատասխան տալու, այսինքն, եթե անհատը ստանձնել է պետական պարտավորություն, բայց նման թույլ հիմքերով փորձել գործ հարուցել ու հանրապետության աչքի առաջ ցանկանալ որևէ մեկին՝ Գագիկ Ծառուկյանին վարկաբեկել՝ այդ ճանապարհով երկիր չի կառուցվում: Բոլորն ասում են, որ երեք ամիս հետո սով է լինելու, մենք փոխանակ այս հարցերի վերաբերյալ լուրջ քննարկումներ անցկացնենք, մենք այլ գործով ենք զբաղվում:  Այդքան մարդիկ կան, որ պատրաստվում են դուրս գալ փողոց, այս կորոնավիրուսի պայմաններում ստացվելու է, որ մեկը մյուսին վարակելու է, այս պահին դա անհրաժե՞շտ էր»,-հռետորական հարց ուղղեց  պատգամավորը:

Նա նաև հիշեցրեց, որ 1996  թվականին, երբ իրեն հարցրել են, թե երբ օրենքն ու խիղճն իրար հակասեն, որի՞ կողմնակիցը կլինի, պատասխանել է՝ խղճի:

Նրա կարծիքով՝ օրենքը  պետք է խղճից բխի, իսկ եթե խղճից չի բխում, ուրեմն՝ օրենքները պետք է փոխվեն:

«Պողոս Առաքյալը ութ անգամ դատվեց, վախեցնում եք, թե՝ դատարան, բանտ կգնաք, տո բանտում մարդիկ մերն են, մենք՝ նրանցը: Ոչինչ, դրանից հետո էլ կյանք կա, դրանից հետո էլ իրար երեսի նայել կա, մի դատեք, որ չդատվեք»,- եզրափակեց խոսքը ԲՀԿ-ական պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս