«Էսօր դուք ունեք իշխանությունը պահելու խնդիր». Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հանրապետության Գլխավոր դատախազի ելույթից և պատգամավորների հարցերին պատասխանելուց հետո, ԱԺ ամբիոնից իր ելույթում դիմեց ժողովրդին ու տեղեկացրեց,  որ այն, ինչ այսօր է կատարվում, սկսվել է հունիսի 5-ին, երբ տեղի ունեցավ ԲՀԿ քաղխորհրդի նիստը, որտեղ ինքը լիարժեք ներկայացրեց այն իրավիճակը, ինչ  կա այսօր երկրում:

«Մենք մեր ժողովրդին ամեն ինչ  ներկայացնում ենք  ոչ թե ֆեյսբուքներով, ֆեյքերով՝ ՊՈԱԿ-ի 500  աշխատողով, որը պետական գումար է ստանում, ամեն մեկն էլ կա, տասնապետ, հարյուրապետ, հազարապետ: Ես խնդրում եմ, որ խորհրդարանը լիարժեք քայլ կատարի դեպի իրական կյանք, այլ ոչ թե Ֆեյսբուքով, ֆեյքերով: Խոստումները տրված ա  երկու տարի, այն, ինչը անհրաժեշտ էր, որ ժողովուրդը լսեր՝ լսում է, բոլորը սուտ, օդ: Որևէ բան սարքած չկա, արածը քանդվել, ձախողվել է: Առաջին օրվանից եմ ասել, Ձեր կողքին եմ եղել, 1/3-ը տվել եմ, այո, Փաշինյանի հետ, որ հրավիրել է, հուշագիրը ստորագրել եմ: Ցանկացած հարցում ցանկացել եմ աջակցել, որ ժողովրդի մեջ ինչ-որ բան փոխվի, նրա սպասելիքներն իրականություն դառնան: ՊԱԿ-ն այսօր ունի 500  աշխատող, որը Ֆեյսբուքով այլանդակություններ է գրում, ամոթ է, Ֆեյսբուքով ու ֆեյքերով երկիր չես կարա կառավարես»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:

Ըստ նրա՝ այսօր բոլոր ոլորտներում ծայրահեղ ծանր վիճակ է, իսկ համաճարակի դեմ պայքարը ձախողված է:

«Որևէ բան մի մոռացեք, Դուք եք արել, այսինքն՝ ոչ բոլորը, նրանք, որոնք իրավասություն են ունեցել որոշում կայացնելու: Ինչ ասում եմ, արդարացի եմ ասում, որևէ մեկը թող չփորձի ասելու, որ Ծառուկյանն այսօր փորձում է դիվիդենտներ շահել, ձգտել անձնական շահի, ով նման բան ասի, ապա նա թող լինի ամենավերջին մարդը, դավաճան կամ թուրք լինի: Այսօր Դուք այս երկրում ապրում եք, խնդրեմ, սարքում են թղթերը, տալիս են Փաշինյանին հինգ հատ տուն,  որ զանգահարի: Դա վերցրեք, գնացեք մի հատ իրական կյանքը նայեք, այ ձեր ցավը տանեմ: Նայեք՝ Ծառուկյանը համաճարակի համար ինչ է արել, մենք 24 ժամ պատրաստ ենք եղել խնդիր կարգավորել, լուծել»,- հավելեց ԲՀԿ ղեկավարը:

Նա ընդգծեց, որ կարող են Փաշինյանին կամ Ջավադյանին հարցնել, որ բերել են 20 մլրդ դրամ, որպեսզի տնտեսություն զարգանա, տնտեսական հեղափոխություն լինի, քանի որ առանց փողի տնտեսություն չի կարող զարգանալ:

«Փաշինյանն ասում է, որ ժողովուրդն աղքատ է, և պետք է գլխով հարուստ լինել, ձեր ցավը տանեմ, դա ղեկավարի ասա՞ծ է, մարդը ո՞նց հարստանա, պայման ստեղծեք, խոսք եք տվել: Ցանկացած հեղափոխություն խոստումներ է տալիս՝ տեղին ու անտեղի, ժողովուրդն ուզում է լավ ապրել: Պատվեր կատարելով Ծառուկյանի վրա, ընտրակաշառք տալու թուղթ են գտել, նման ապացույց կա՞: Ձեր ցավը տանեմ, իմ սկզբունքից հետ չեմ կանգնելու, ես իմ երկիրը սիրում եմ, ամեն ինչ արել եմ առանց շահի: Երկրորդ քաղաքական ուժին բերել են, ասում են՝ նայել ենք, կաշառք է եղել փետրվարին:

Մենք հայ ենք, Ծառուկյանի վրա գործ եք հարուցել և վախենում եք, հարց չկա, ամբողջ հանրությունը Ծառուկյանի կողքին է, ամբողջ ներքին զորքերն ուղարկել եք, մարզերը փակել եք, մարդկանց պառկեցնելով, փռելով: Բա իշխանության գալուց ասում եք՝ անկախություն, ազատություն: Եթե այն ժամանակ 88 տոկոս ունեիք, այսօր  7 տոկոս էլ չկա: Գնացեք ձախողումները ձեր մեջ քննարկեք, քայլեր կատարեք: Այո, ասել եմ, որ բոլոր ոլորտները ձախողված է, համապատասխան մասնագետներ չկան»,- ընդգծեց նա:
Գագիկ Ծառուկյանը մեկ անգամ ևս շեշտեց, որ համաճարակի դեմ պայքարը ձախողված է, որ դեկտեմբերին համաճարակը եղել է, իսկ հունվարից իշխանությունները դրա դեմ պայքարելու որևէ քայլ չեն ձեռնարկել, փոխարենը՝ մարտից սկսած քարոզարշավ են արել:

«Սիրտս տրաքում է, ես կարող եմ ձայն չհանել և ինձ համար հանգիստ ապրել, բայց ասում են, որ այսօր վարակի հիմնական պատճառը ժողովուրդն է, որ դիմակներ չի դնում: Ասում են, որ Ծառուկյանի դեմ «չկրակի»՝ ուրեմն հեղափոխության վերջն է, ձեր հեղափոխության վերջը եկել է, հեղափոխությունը պետք է գործով ապացուցել: Ֆեյքերով դատարկ-դատարկ խոսելով չի լինում: Այսօր տնտեսական ճգնաժամ է, բայց մարդիկ բերում գույքահարկ են ավելացնում, տրաքած վիճակ է, նորից եմ ասում, որ երեք ամիս հետո սով է լինելու: Ժողովուրդ ջան, սրա տակից չեք կարա  դուրս գաք, խելքի եկեք, այսօր որևէ մեկը ձեզ փող չի տալու, չկա վստահություն, քաղաքական կայունություն չկա: Արտաքին աշխարհում բոլորի հետ ձեր հարաբերությունները փչացրել եք… Ես վախեցող չեմ, ինչ որ ուզում եք ահաբեկեք, սարքեք, կպցնեք, չոր բանը չի կպնի մարդուն, ձեր ցավը տանեմ, քամին քարից ի՞նչ պետք է տանի»,- հայտարարեց ԲՀԿ ղեկավարը։

Գագիկ Ծառուկյանը մատնանշելով իշխանության գործողությունների ձախողումներն ու իր դեմ ձեռնարկած քայլերը՝ շեշտեց, որ դրանով իրենք Ծառուկյանին ավելի հերոսացնում են։

«Էսօր դուք ունեք իշխանությունը պահելու խնդիր»,- եզրափակեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը։

Տեսանյութեր

Լրահոս