«Պարո՛ն Արթուր Դավթյան, Դուք իրավունք չունեք աշխատել որպես Գլխավոր դատախազ և չե՛ք աշխատելու». Իվետա Տոնոյան

«Եթե հին Հայաստանում նմանատիպ դրսևորումները կարող էին օրինաչափ դիտվել, նոր Հայաստանում, համենայնդեպս, գոնե մինչև վերջերս, կար հույսի նվազագույն նշույլ, որ նմանատիպ դեպքերը հնարավոր չեն: Ի՞նչ է ստացվում՝ նոր Հայաստան՝ հին բարքեր»,- այսօր խորհրդարանում այս մասին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդումը չունի որևէ իրավական  հիմք. «Մենք դա ձեզ ապացուցելու ենք: Դրանում կարող եք մեկ րոպե անգամ կասկած չունենալ: Պարոն Արթուր Դավթյան, Դուք պարզապես այսօր նոր Հայաստանում հին Հայաստանի ամենավատ ավանդույթների կրողն եք և Դուք պարզապես իրավունք չունեք աշխատել՝ որպես գլխավոր դատախազ, և դուք չեք աշխատելու, գալու է դրա ժամանակը, և մենք դրա համար ամեն ինչ անելու ենք»:

Ինչ վերաբերում է ներկայացված միջնորդությանը, Իվետա Տոնոյանը հարցրեց գլխավոր դատախազին. «Ի՞նչ եք Դուք ուզում, ի՞նչ եք Դուք անում: Դուք հասկանո՞ւմ եք, որ այսօր, երբ մեր երկիրը կանգնած է լրջագույն խնդիրների առաջ, երբ ընդամենը մի քանի ամիս անց հնարավոր է, որ տնտեսական խնդիրների պատճառով մեր ազգաբնակչությունը հայտնվի սովի ճիրաններում, Դուք ձեր փառասիրությունը և քաղաքական ամբիցիաները բավարարելու և դրանց հագուրդ տալու համար սանձազերծում եք քաղաքական հետապնդում: Որևէ մեկը կույր չէ, բոլորը շատ լավ են հասկանում, թե ինչ է տեղի ունենում: Ընդամենը քաղաքական կուսակցության ղեկավարի առողջ քննադատությունից հետո Դուք հարձակվել եք իշխանությունների ամենաուղղակի հրահանգով՝ Գագիկ Ծառուկյանի վրա: Ի՞նչ եք դուք անում և ի՞նչ եք դուք ուզում: Ուզում եք մեզ լռեցնե՞լ, չի ստացվելու, ուզում եք մեզ ասֆալտին փռել և պատերին ծեփե՞լ, չի ստացվելու: Ինչո՞ւ չի ստացվելու, որովհետև իշխանությունների ամենաուղղակի հրահանգով ոստիկաններն օրեր առաջ պատգամավորների և մեր հարյուրավոր հայրենակիցների նկատմամբ դա արդեն իրականացրել են, և ձեզանից որևէ մեկը ծպտուն չի հանել: Ծպտուն չի հանել, որովհետև ծպտուն հանելու հրահանգ չի ստացել: Ծպտուն չի հանել, երբ իր գործընկերներին ասֆալտի վրայով քարշ էին տալիս: Ծպտուն չի հանել, որովհետև շատ տաքուկ տեղավորվել է իշխանության կերակրատաշտակի մերձակայքում և օգտվում է ընձեռված բարիքներից և հնարավորություններից: Ձեզանից որևէ մեկը մեկ րոպե անգամ մտածե՞լ է, որ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելով՝ հնարավորություն է ընձեռում զրկվել հանապազօրյա աշխատանքից տասնյակ-հազարավոր այն մարդկանց, ովքեր աշխատում են Ծառուկյանի հիմնադրած ընկերություններում, այն ընկերություններում, որտեղ Գագիկ Ծառուկյանն ունի բաժնեմասեր, մտածե՞լ եք, վստահաբար չեք մտածել»:

Իվետա Տոնոյանը նկատեց. «Այս պահին դուք ունեք ընդամենը մեկ մարդու քաղաքական ամբիցիաները բավարարելու խնդիր, և այդ նպատակին հասնելու համար պատրաստ եք ամեն ինչի, անգամ, եթե 30 հազար մարդ մնա գործազուրկ, որովհետև Ծառուկյանն իր անձնական սուբսիդիաների միջոցով հնարավորություն է ընձեռում այս տնտեսական ճգնաժամի պայմաններում աշխատելու բազմաթիվ ձեռնարկությունների: Բայց հպարտ քաղաքացիները ձեզ պետք են միայն այն ժամանակ, երբ դուք հեղափոխություն եք իրականացնում: Մնացած բոլոր դեպքերում դուք խորապես թքած ունեք, թե մարդիկ ոնց կապրեն և ինչպես կգոյատևեն, հատկապես՝ այս պայմաններում: Հիմա հարց՝ ի՞նչ եք անելու հաջորդիվ՝ մեզ բոլորիս զրկելո՞ւ եք անձեռնմխելիությունից, բանտե՞րն եք գցելու… կարող եք փորձել ամեն ինչ, վստահաբար, դրանից որևէ բան չի փոխվելու. Մենք մեր որոշումը կայացրել ենք, մենք մեր քննադատությունը հնչեցնելու ենք, և մենք մշտապես բարձրաձայնելու ենք այն խնդիրները, որոնց մասին խոսել ենք»:

Պատգամավորի խոսքով՝ ամբողջ իշխանությունը և դրա ղեկավարը մտածել են բացառապես մեկ բանի մասին՝ տոտալ ձախողումների և խայտառակ իրավիճակի մեղքն ազգաբնակչության վրա գցելու մասին. «Ձեր համար մեղավոր են բոլորը՝ ժողովուրդը, բժիշկները, ընդդիմախոսները, քաղաքական կուսակցությունները, բայց ոչ երբեք՝ դուք: Դուք ունեք բազմաթիվ սխալներ, որոնց համար, վստահաբար, պատասխան եք տալու: Սա ընդամենը հանրության ուշադրությունը տիրող խայտառակ իրավիճակից շեղելու անհաջող փորձ է: Գոնե գործ սարքելուց մարդ պետք է մի քիչ շնորհքով դա անի, անգամ էս գործում եք ապաշնորհ և անտաղանդ գտնվել»:

Վերջում դիմելով գլխավոր դատախազին՝ Իվետա Տոնոյանն ասաց. «Պարոն Դավթյան, եթե Դուք շարունակեք պաշտոնավարել այն բանից հետո, երբ մենք ձեզ անվստահություն կհայտնենք, ե՞րբ եք պատրաստվում խորհրդարան գալ ապօրինի ծխախոտի մաքսանենգության գործով, ադամանդի արտահանման գործով, երկաթի թափոնների ապօրինի արտահանման գործով՝ քրեական գործերով հարուցված՝ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով: Հարցս, ենթադրում եմ, որ չի ունենա պատասխան, որովհետև դուք այդ մասին սուպերով համապատասխան հրահանգ չեք ստացել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս