«Հույս ունեմ՝ հարգում եք Ձեր ուսադիրները. Դուք անհարմար չեք զգո՞ւմ». Նաիրա Զոհրաբյանը՝ գլխավոր դատախազին
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ԱԺ բարձր ամբիոնից միջնորդություն ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար:
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմելով Գլխավոր դատախազին՝ հույս հայտնեց, որ նա հարգում է սեփական ուսադիրները:
«Դուք 2018 թվականի մայիսին Ազգային ժողով միջնորդություն ներկայացրեցիք մեր նախկին ընդդիմադիր գործընկեր Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և հետագա գործընթացներում ներգրավվելու համար: Հետո պատասխանելով Էդմոն Մարուքյանի հարցին, թե ինչու հետ վերցրեցիք Ձեր միջնորդությունը, Դուք բառացիորեն պատասխանել ենք հետևյալը, թե ձեզ նամակով դիմել է փոխվարչապետը և խնդրել է հետ վերցնել միջնորդությունը: Դուք հիմա պնդո՞ւմ եք, որ, երբ միջնորդություն ներկայացրեցիք Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար, այն եղել է ոչ թե՝ քաղաքական պատվեր, իսկ ես վստահ եմ, որ այն եղել է քաղաքական պատվեր: Այլապես, եթե կարծում էիք, որ տեղի է ունեցել օրենքի խախտում, փոխվարչապետի խնդրանքով այդ միջնորդությունը պետք է հետ չկանչեիք, ինչո՞ւ հետ կանչեցիք Փեր միջնորդությունը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նա նաև հետաքրքրվեց, թե ո՞վ էր փոխվարչապետը, որ դիմումով դիմեց Գլխավոր դատախազին:
Արձագանքելով՝ Գլխավոր դատախազն ասաց, թե պատգամավորը վկայակոչում է արտահայտություններ, որոնք եղել են հրապարակային, հետևաբար՝ հաստատելու, պնդելու որևէ բան չունի:
«Խնդրում եմ ասեք, թե այսօրվա քննության առարկայի հետ դա ի՞նչ կապ ունի, որից հետո Ձեզ կպատասխանեմ»,- նշեց Արթուր Դավթյանը:
Արձագանքելով՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ վստահ է՝ վաղը Գլխավոր դատախազը հայտնվելու է այնպիսի անհարմար իրավիճակում, երբ որևէ մեկը հարցնելու է, թե պնդո՞ւմ է, որ այն, ինչ այսօր անում է՝ իրավական գործընթաց է, և ոչ՝ քաղաքական հաշվեհարդար:
«Դուք անհարմար չե՞ք զգում»,- հավելեց Նաիրա Զոհրաբյանը:
Պատասխանելով՝ Գլխավոր դատախազն ասաց, որ ինքը երբեք անհարմար զգալու առիթ չի ունեցել, այսօրվա առումով էլ չի ունենա: Ավելին՝ ամենայն պատասխանատվությամբ կատարում է իր պաշտոնական պարտականությունը։