Մենք ուզում ենք կանգնեցնել այս մեծ փոթորիկը և համերաշխություն բերել մեր պետությանը․ փոթորիկին պետք է հաջորդի խաղաղությունը, քաոսին` կարգը, իսկ խելահեղությանը` բանականությունը․ Վանեցյան․ «Առավոտ»
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն «Առավոտ» օրաթերթում անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին, որը ներկայացնում ենք ստորև․
«Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանը Հայաստանի պատմության մեջ կմնա որպես անորոշության, տարերային փլուզման և դժբախտության ժամանակաշրջան: Տիրապետող անիշխանության պայմաններում գրեթե բոլոր ոլորտներում շարունակվում են արձանագրվել խայտառակ ձախողումներ:
Բայց կա շատ ավելի կարևոր հարց, քան գործող իշխանության ձախողումներն ու տապալումներն են: Քարուքանդ եղած տնտեսությունը հնարավոր է վերականգնել, ավերվող կրթական և սոցիալական համակարգերը հնարավոր է անցնցում վերստեղծել: Կարելի է նույնիսկ վերակառուցել դաշնակից և բարեկամ պետությունների հետ փոխհարաբերությունները, որոնք ստվերվել ու փչացվել են իշխանության հետևողական ապաշնորհության հետևանքով:
Այսինքն՝ Փաշինյանի կողմից ավերված ցանկացած ոլորտ հնարավոր է վերականգնել, միայն թե կամքի, կառավարման կարողության և ճիշտ մարդկանց առկայությամբ: Բայց այն, ինչի մասին, որ ուզում եմ խոսել, ոչ միայն չափազանց բարդ է վերականգնել, այլ նաև դրա քայքայումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների:
Խոսքը հանրային համերաշխության մասին է: Եթե այն ամուր լիներ, ապա մնացյալ խնդիրները (տնտեսական, սոցիալական, պաշտպանական և այլն) կանխատեսելի ու լուծելի կլինեին, բայց խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով հանրային համերաշխությունը դատապարտվել է աստիճանական քայքայման և կազմաքանդման: Արդեն երկու տարի է, ինչ Հայաստանի իշխանությունների հետևողական ջանքերով ներհանրային միջավայրում ներքին խորը կոնֆլիկտ է սանձազերծվում:
Դա անտեսանելի մարտահրավեր է, ինչի հետևանքով հասարակական կառույցը սահուն ընթացքով մաշվում է և հյուծվում: Իմ կանխատեսմամբ՝ այս գործընթացի վերջնական հանգրվանը հանրային խմբերի թշնամացումն է և մարդկանց շերտավորումը: Այսինքն՝ ձևավորվում են իրար դեմ մարտնչող և հակամարտող տարատեսակ միջավայրեր, որոնք ինչ-որ մի օր բախվելու են նաև ֆիզիկական հարթությունում:
Այսինքն՝ «բոլորը կռվում են բոլորի դեմ», և հենց այս չընդհատվող «պատերազմն» է փաշինյանական իշխանության «լեգիտիմության» աղբյուրը։ Սա անտեսանելի մարտահրավեր է և շատ ավելի վտանգավոր, քան Հայաստանի դեմ թշնամաբար տրամադրված հարևանները:
Մենք գիտենք, որ Ադրբեջանը թշնամի պետություն է և հենց այդ իմացությունից ձևավորվում է մարտահրավերի կանխատեսելիությունն ու մեր գործողությունների հերթականությունը: Բայց մենք հստակ չգիտենք, թե մեր հասարակության մեջ գտնվող ներքին կոնֆլիկտն ինչ չափերի է հասել և ինչ դրսևորումներ կարող է ունենալ:
Պատմական փորձը հուշում է, որ ներքին կոնֆլիկտները պայթում են հատկապես ամենաանսպասելի պահերին, երբ ոչ ոք չի սպասում դրանց: Հանրային համերաշխությունը վերամբարձ և գեղեցիկ ինչ-որ բան չէ, այն մեր պետության դիմադրողականության և կենսունակության առաջնային ցուցիչն է: Եթե չլինի համերաշխություն, Հայաստանի Հանրապետությունը դատապարտված է: Թերևս հենց սա է մեր առաջնային ուղերձը, որը ես ուզում եմ փոխանցել բոլորին` քաղաքացիներին, ընկերներին, հակառակորդներին և իմ համառ քննադատներին: Մենք ուզում ենք կանգնեցնել այս մեծ փոթորիկը և համերաշխություն բերել մեր պետությանը: Փոթորիկին պետք է հաջորդի խաղաղությունը, քաոսին` կարգը, իսկ խելահեղությանը` բանականությունը»,-գրում է թերթը։