
«Ճիշտ կլինի, որ անդրադառնան իրենց քաղաքական թիմի քավոր-սանիկական հարաբերություններին, և, ինչպես կասեր իրենց քաղաքական առաջնորդը, յուրաքանչյուր ոք մտածում է իր փչացածության աստիճանով». Գոհար Մելոյան

Այսօր սահմանադրագետ Գոհար Մելոյանն իր ֆեյսբուքյան էջում ծավալուն վերլուծություն էր ներկայացրել, որում նշել էր, որ իրավապահ մարմինների կողմից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված գործողությունների արդյունքում խախտվել է Սահմանադրության 96-րդ հոդվածը, քանի որ Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ փաստացի իրականացվել է քրեական հետապնդում, և վերջինս ձեռք է բերել մեղադրյալի կարգավիճակ առանց Ազգայի ժողովի նախնական համաձայնության։
«Նման խախտումը ոչ միայն պատգամավորի անձեռնմխելիության իրավանորմի կոպիտ ոտնահարում է, այլև՝ լրջորեն կասկածի տակ է դնում նշված քրեական գործերով իրականացվող հետագա քննության օրինականությունը»,- գրել էր Գոհար Մելոյանը:
168.am-ի խնդրանքով անդրադառնալով այս գրառմանը և պատասխանելով հարցին՝ արդյո՞ք համակարծիք է տեսակետին, թե կա խախտում, «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, իրավաբան Սուրեն Գրիգորյանը նշել էր.
«Ոչ, և ես Ձեր տեղը լինեի, ավելի շուտ կդիտարկեի, որ տիկին Մելոյանն առաջին հերթին շատ կոնկրետ քաղաքական ուղղվածություն ունեցող ՍԴ նախագահի սանիկն է, նոր հետո իրավաբան է, որի վերլուծություններին պետք է վերաբերվել ոչ թե՝ որպես չեզոք վերլուծություն, այլ՝ որպես կոնկրետ քաղաքական ուղերձ»:
Գոհար Մելոյանին խնդրեցինք մեկնաբանել Սուրեն Գրիգորյանի տեսակետը, ով նկատեց, որ հերթական անգամ տվյալ պատգամավորը մասնագիտական հարթությունից, առանց որևէ մասնագիտական վերլուծական պատասխանի, հարցը տեղափոխում է անձնական տիրույթ և փորձում է տվյալ մասնագիտական վերլուծության արժանահավատության աստիճանը նվազեցնել՝ որևէ բովանդակային պատասխան այդպես էլ չտալով:
«Իսկ սանիկների մասով՝ ճիշտ կլինի, որ անդրադառնան իրենց քաղաքական թիմի քավոր-սանիկական հարաբերություններին: Եվ, ինչպես կասեր իրենց քաղաքական առաջնորդը, յուրաքանչյուր ոք մտածում է իր փչացածության աստիճանով»,- ասաց սահմանադրագետը:
Գոհար Մելոյանը նշեց նաև, որ ինքն իր մասնագիտական արժանապատվությունից վեր է համարում իր մասնագիտական վերլուծությունները համաձայնեցնել որևէ մեկի հետ՝ դա կլինի քավո՞ր, թե՞ այլ անձ:
«Եվ հատկապես, որևէ մեկն ինձ չի կարող մասնագիտական տեսանկյունից հրահանգել կամ ուղղորդել կոնկրետ բնույթի վերլուծություն գրել»,- եզրափակեց Գոհար Մելոյանը: