«Տիկին Մելոյանի վերլուծություններին պետք է վերաբերվել ոչ թե՝ որպես չեզոք վերլուծություն, այլ՝ որպես կոնկրետ քաղաքական ուղերձ». Սուրեն Գրիգորյան
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան էջում անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին՝ գրել էր. «Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:
Այսինքն, առանց Ազգային ժողովի նախնական համաձայնության Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ չեն կարող իրականացվել այնպիսի գործողություններ, որոնք հանդիսանում են քրեական հետապնդում, ներառյալ՝ որպես մեղադրյալ ներգրավելը կամ մեղադրանք առաջադրելը»:
Ըստ սահմանադրագետի՝ երեկ և այսօր կատարվել են մի շարք գործողություններ, որոնք ողջամտորեն ենթադրում են՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ փաստացի իրականացվում է քրեական հետապնդում.
«Դրանք են՝
1️⃣ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը կատարված խուզարկությունը,
2️⃣ դրանից անմիջապես հետո ԱԱԾ-ի կողմից այնպիսի հաղորդագրության տարածումը, որից ակնհայտ բխում է, որ քրեական գործ է հարուցվել Գագիկ Ծառուկյանին վերագրվող գործողությունների առթիվ,
3️⃣ նախաքննության գաղտնիք կազմող «փաստաթղթերը» կառավարության անդամների կողմից սոցիալական ցանցերում որպես Գագիկ Ծառուկյանի մեղավորությունը հավաստող ապացույց տարածելը,
4️⃣ ԱԱԾ-ի կողմից այսօր հրապարակված տեսանյութի մեջ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ դրվագներ ներառելը:
Վերոնշյալ գործողությունների արդյունքում խախտվել է Սահմանադրության 96-րդ հոդվածը, քանի որ Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ փաստացի իրականացվել է քրեական հետապնդում, և վերջինս ձեռք է բերել մեղադրյալի կարգավիճակ առանց Ազգայի ժողովի նախնական համաձայնության։
Նման խախտումը ոչ միայն պատգամավորի անձեռնմխելիության իրավանորմի կոպիտ ոտնահարում է, այլև՝ լրջորեն կասկածի տակ է դնում նշված քրեական գործերով իրականացվող հետագա քննության օրինականությանը»:
168.am-ի խնդրանքով անդրադառնալով այս գրառմանը և պատասխանելով հարցին՝ արդյո՞ք համակարծիք է տեսակետին, թե կա խախտում, «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, իրավաբան Սուրեն Գրիգորյանը նշեց.
«Ոչ, և ես Ձեր տեղը լինեի, ավելի շուտ կդիտարկեի, որ տիկին Մելոյանն առաջին հերթին շատ կոնկրետ քաղաքական ուղղվածություն ունեցող ՍԴ նախագահի սանիկն է, նոր հետո իրավաբան է, որի վերլուծություններին պետք է վերաբերվել ոչ թե՝ որպես չեզոք վերլուծություն, այլ՝ որպես կոնկրետ քաղաքական ուղերձ»:
Հարցին՝ այսինքն՝ Գ. Մելոյանը փաստերը սխա՞լ է արձանագրել, Ս.Գրիգորյանը պատասխանեց.
«Ի՞նչ փաստ կար էդտեղ: Իր վերլուծությունը, իր որակումը, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել, սխալ է արձանագրել, այո՛, որովհետև իմ տեղեկությամբ՝ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք չի առաջադրվել»:
Մեր զրուցակիցը նկատեց՝ պարզաբանումների համար լավ կլինի դիմել այն մարմնին, որը քննություն է իրականացնում.
«Մամուլից երեկ հայտնի տեղեկություն է, որ Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է որպես վկա՝ հարցաքննվել է, դուրս է եկել, գնացել է տուն»: