
«Այնպիսի տպավորություն է, որ դատարանին անհրաժեշտ չէ քննել Մանվել Գրիգորյանի վրա կարած քրեական գործը». Փաստաբան

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշել է.
«Այնպիսի տպավորություն է, որ դատարանին անհրաժեշտ չէ քննել Մանվել Գրիգորյանի վրա կարած քրեական գործը, դա է պատճառը, որ ծանր հիվանդությունների հետ կապված՝ հետաձգվում են դատական նիստերը, մինչև հիվանդը կմահանա: Այնպիսի տպավորություն է, որ Առողջապահության նախարարը, ով մասնագիտությամբ նաև բժիշկ է, հաճույք է ստանում Գրիգորյանի խոշտանգման փաստով, հակառակ պարագայում կարձագանքեր հիվանդի բժշկական էպիկրիզներին և բուժող բժշկի մասնագիտական կարծիքին, համաձայն որի՝ հիվանդին այլևս Հայաստանում հնարավոր չէ բուժել, և հիվանդը կմահանա: Նման պայմաններում հիվանդին թողնել անօգնական վիճակում և թույլ չտալ ստանալու համապատասխան բուժօգնություն՝ անթույլատրելի է: Արձանագրելով Մանվել Գրիգորյանի նկատմամբ Դատարանի և Առողջապահության նախարարության կողմից իրականացվող իրավամբ դաժան վերաբերմունքն ու խոշտանգման փաստը, որպես Մ.Գրիգորյանի շահերի պաշտպան՝ հետամուտ եմ լինելու, որպեսզի մեղավոր անձինք ենթարկվեն պատասխանատվության»:
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին կտրուկ վատացել էր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը, որի հետևանքով նա կորցրել էր գիտակցությունը: