![](/banners/BeFunky-design.jpg)
«Ի՞նչ կապ ունի՝ հինգ հոգով փողոցում իրազեկման աշխատա՞նք են անում, թե՞ իրենց բողոքն են ներկայացնում իշխանություններին». Անի Սամսոնյան
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/Ani-Samsonyan-1.jpg)
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի համոզմամբ՝ չի կարող սահմանափակվել մարդու՝ հավաքներ իրականացնելու իրավունքը, քանի որ հավաքներ անցկացնելը համարվում է մարդու հիմնարար իրավունքներից մեկը:
«Կարծում եմ՝ այս հարցը պետք է դառնա լուրջ քննարկման առարկա: Ի՞նչ կապ ունի՝ հինգ հոգով փողոցում իրազեկման աշխատա՞նք են անում, թե՞ նույն քանակով մարդիկ փողոցում կանգնած՝ իրենց բողոքն են ներկայացնում իշխանություններին: Ես այստեղ ընտրողական մոտեցում եմ տեսնում, և դա շատ վատ է, շատ»,- ասաց պատգամավորը:
Նրա բնորոշմամբ՝ գործող իշխանությունների կիրառած մեթոդները կիրառում էին նաև նախկինները, պատգամավորը որևէ տարբերություն չի տեսնում:
Ըստ նրա՝ «Լուսավոր Հայաստանն» այն քաղաքական ուժն է եղել, որ հեղափոխությունից անմիջապես հետո հայտարարել է, որ պահն է՝ օգտվելու հեղափոխության բերած արժեհամակարգի հնարավորություններից, որը կբացառի, որպեսզի բիզնեսը զբաղվի քաղաքականությամբ:
«Մենք այն ուժն ենք, որն ունեցել է ամենալարված հարաբերությունները ԲՀԿ-ի հետ: Բայց ի պատասխան այդ ամենին, մենք տեսանք, որ իշխանությունը ԲՀԿ-ի հետ քաղաքական հուշագիր կնքեց և դարձրեց իր գործընկերը: Այսօր, երբ այդ գործընկերը որոշել է, որ պետք է սրի հռետորաբանությունը՝ սկսվել են իրավական գործընթացներ»,- հավելեց Անի Սամսոնյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամը նաև տեղեկացրեց, որ ԲՀԿ-ի հետ համագործակցելու որևէ օրակարգ այս պահին չունեն: