«Այն մեթոդները, որոնք օգտագործում է իշխանությունը կին ընդդիմախոսների նկատմամբ՝ խոսում է իրենց երեսպաշտության մասին». Անի Սամսոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությանը, նրա հարցաքննությանը և իրավապահների գործողություններին:
«Կան իրավական գործընթացներ, մենք կարծում ենք, որ այդ իրավական գործընթացների նկատմամբ կա քաղաքական միջամտություն և ազդեցություն՝ սա իշխանությունն իր գործողություններով փաստում է: Օրինակ, երբ ընդդիմախոսները սրում են իրենց հռետորաբանությունը, այդ իրավական գործընթացները սկսվում են, այսինքն՝ ժամանակագրորեն սա շատ տեսանելի ու ակնհայտ է: Տեսնում ենք, որ պաշտոնյաների բարձր մակարդակով տարածվում են նախաքննական գաղտնիքի փաստաթղթեր, արդեն որոշում են՝ մարդը մեղավո՞ր է, թե՞ անմեղ, այսինքն՝ սոցիալական ցանցերում դատավճիռ են իրականացնում: Այս ամենը ցույց է տալիս, որ կա քաղաքական ազդեցություն և միջամտություն իրավական գործընթացների նկատմամբ»,- ասաց Անի Սամսոնյանը:
Նա ընդգծեց՝ չեն ասում, որ որևէ մեկը պատասխանատվության չպետք է ենթարկվի: Այն մարդիկ, որոնք պետության հանդեպ հանցագործություն են կատարել, պետք է կրեն պատասխանատվություն: Սակայն այն ամենը, ինչ կատարվում է այսօր, ակնհայտ է, որ կա նպատակահարմարության միտում, այսինքն, երբ առաջանում է անհրաժեշտություն, իշխանությունը սկսում է իրավական գործընթաց:
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ խոսակցություններին, Անի Սամսոնյանն ասաց, որ այդ հարցով Գլխավոր դատախազը դեռևս ԱԺ չի եկել, հետևաբար՝ այս պահին իրենց խմբակցությունը որևէ քննարկում չի ունեցել:
Անի Սամսոնյանը նաև անդրադարձավ ԲՀԿ-ական կին պատգամավորների նկատմամբ իրավապահների գործողություններին, նշեց, որ, եթե այսօր իշխանությունները պնդում են, որ այն եղանակներն ու մեթոդները, որոնք իրավապահներն օգտագործում են՝ իրավաչափ են, նշանակում է՝ նախկինների ոստիկանությունը ճիշտ էր աշխատում:
«Իրականում մենք տեսնում ենք, որ ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառում, սա խնդիր է եղել, և մենք միշտ խոսել ենք ոստիկանության բարեփոխումների մասին, բայց այդ բարեփոխումներն այսօր ոչ միայն չեն կատարվում, այլև այդ մեթոդներն իշխանության կողմից արդեն խրախուսվում են, ինչը ծիծաղելի է: Դուք կադրերում տեսե՞լ եք, թե ոստիկաններն ինչպես էին քարշ տալիս կին քաղաքական գործիչներին: Ինձ երեկվանից գրում են, ասում են՝ ինչո՞ւ եք սևեռվել միայն կին քաղաքական գործիչների նկատմամբ կիրառված մեթոդների վրա: Պատասխանում եմ, որ իշխանական կին քաղաքական գործիչները հարթակներ չեն թողնում, որտեղ չասեն, որ կանայք պետք է զբաղվեն քաղաքականությամբ: Սակայն այսօր այն մեթոդներն ու եղանակները, որոնք օգտագործում է իշխանությունը կին ընդդիմախոսների նկատմամբ, կարծում եմ՝ խոսում է իրենց երեսպաշտության մասին, որ այդ ամենին որևէ գնահատական չի տրվում»,- հավելեց նա: