Բաժիններ՝

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կներկայացնի համերգ՝ նվիրված Բուժաշխատողի օրվան

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հունիսի 21-ին կներկայացնի առցանց համերգ՝ նվիրված Բուժաշխատողի օրվան։ Կենտրոնի բոլոր երաժշտախմբերը փոքր կազմերով իրենց խոնարհումը կբերեն այս օրերին բազում կյանքերի համար պայքար մղող բուժաշխատողներին:

Համերգն անցկացվելու է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան պատշգամբում, որտեղ կտեղադրվի հատուկ լուսավորություն։ Համերգի ընթացքում պահպանվելու են անվտանգության և հակահամաճարակային բոլոր կանոնները։

ԿԵԱԿ տնօրեն Նորայր Նազարյանը շեշտում է՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում փորձում են այլ կերպ օգտագործել կենտրոնի տարածքները։ Նախկինում այս տարածքը բազմիցս ցանկացել են օգտագործել, սակայն այն քիչ թվով հանդիսատես էր տեղավորում, իսկ այս պարագայում հնարավորություն է ստեղծվել համերգ իրականացնել առանց հանդիսատեսի։

«Հատկանշական այդ օրը հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը։ Այս քայլով մենք մեր շնորհակալությունն ենք հայտնում բոլոր բժիշկներին, բուժքույրերին, շտապօգնության անձնակազմերին, տեխնիկներին, դեղատների աշխատակիցներին և բոլոր նրանց, ովքեր հոգ են տանում մեր առավել խոցելի բնակչության համար: Շնորհակալություն նրանց բոլորին ամենօրյա զոհողությունների, նվիրվածության ու քաջության համար: Շնորհակալություն փրկված կյանքների համար»,-նշում է տնօրեն Նորայր Նազարյանը, ում նախաձեռնությամբ էլ իրականություն կդառնա այս համերգը։

Համերգին կներկայացվեն հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Այն հասանելի կլինի հունիսի 21-ին, ժամը 21։00 Կամերային երաժշտության ազգային կենտրոնի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս