«Ոստիկանները որևէ բռնություն չեն կիրառել». Իմքայլական պատգամավորը՝ ԲՀԿ-ական պատգամվորի նկատմամբ ոստիկանության գործողությունների մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը չի ընդունում իշխանությունների հասցեին հնչած քննադատությունները, թե վերջիններս իրենց ընդիմախոսներին ենթարկում են քաղաքական հետապնդման:

«Մենք մեր գործողություններով երբեք որևէ սահման չենք անցել, մեր իշխանությունը որևէ քաղաքական հետապնդում չի արել: Նման քննադատություն հնչում է այն մարդկանց կողմից, որոնց ձեռնտու է նման հայտարարություններով հանդես գալը»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց պատգամավորը՝ անդրադառնալով այն գնահատականներին, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունը, նրան հարցաքննելը քաղաքական հետապնդում է:

Ինչ վերաբերում է այն պնդումներին, որ ներկայիս իշխանությունը ոչնչով չի տարբերվում Հանրապետական կուսակցությունից, Արփի Դավոյանն ասաց, որ նման տեսակետ են հայտնում այն մարդիկ, որոնք  ՀՀԿ-ի օրոք ենթարկվել են քաղաքական հետապնդման, և նրանց «հիշողությունը ներբեռնում են այս տարբերակում».

«Տեղի է ունենում իրավական գործընթաց, որին փորձում են քաղաքական «աստառ» տալ»,- հավելեց իշխանական պատգամավորը:

Անդրադառնալով ոստիկանների գործողություններին, մասնավորապես՝ ԲՀԿ-ական կին պատգամավորների նկատմամբ, Արփի Դավոյանն ընդգծեց, որ ոստիկանների գործողությունները համարում է օրինաչափ.

«Ոստիկանները որևէ բռնություն չեն կիրառել, ուղղակի տեղի է ունեցել հավաք, որը արտակարգ դրության պայմաններում իրավաչափ չէ, հատկապես, երբ մարդիկ առանց դիմակի են: Ես անչափ անհանգստացած եմ, որ մոտավորապես 10  օր հետո մենք ունենալու ենք վարակվածների թվի աճ, որի պատճառը դառնալու է երեկվա այդ ամբողջ գործողությունները: Այս ֆոնին մեր ընդդիմադիր գործընկերները կրկին մեղադրելու են Առողջապահության նախարարությանը, թե այսպես կամ այնպես չէ: Չեմ կարծում, որ երեկ ԲՀԿ-ական պատգամավորների նկատմամբ բռնություն է եղել, պարզապես ոստիկանները, նրանց անվտանգությունից ելնելով, փորձել են նրանց ճանապարհից հեռացնել և բացել ճանապարհը»:

Նա լրագրողներին կոչ արեց ուշադիր կարդալ վարչապետի մամուլի խոսնակի գրառումը՝ կապված քրեական գործերի հետ, որը կատարվել էր հունիսի 5-ին:

Ըստ նրա՝ Գագիկ Ծառուկյանը նախապես իմացել է այդ քրեական գործերի մասին և որոշել է նախահարձակ լինել և հայտարարել, որ իր նկատմամբ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է:

Լրագրողները հիշեցրին, որ վարչապետի խոսնակի գրառումը հետևել է Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը։

Արփի Դավոյանը լրագրողներին հորդորեց առաջնորդվել միայն պաշտոնական հաղորդագրություններով, այլ ոչ թե ԲՀԿ-ական պատգամավորների կողմից՝ քաղաքական հետապնդումների մասին արված «սրտաճմլիկ» հայտարարություններով.

«Իրենք պետք է մի ձևով արդարանան, ասեն, որ սա քաղաքական ճնշում է, որովհետև իրենք ասացին, որ կառավարությունը պետք է փոխվի, և մենք որոշեցինք քրեական գործեր սկսել իրենց նկատմամբ: Սա մեր ոճը չէ, նրանք սովոր են նման գործելաոճին, որովհետև 2015-ին այդպիսի առևտրի մեջ գտնվել են»:

Տեսանյութեր

Լրահոս