«Վարչապետին մարտահրավեր նետեց փողոցը»․ Ծառուկյանի տան խուզարկությունն ու երևանյան ակցիաները՝ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում

Նախօրեին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունը, ապա՝ նրա հարցաքնությունն ու դրան հաջորդած զարգացումները ՀՀ ԱԱԾ շենքի մոտ, ակտիվորեն լուսաբանել են՝ ինչպես տեղական, այնպես էլ՝ արտասահմանյան լրատվամիջոցները։ Առավել մանրամասնորեն իրադարձությունները լուսաբանել են ռուսական ԶԼՄ-ները,այդ թվում՝ այն միջազգային լրատվամիջոցները, որոնք ունեն հայաստանյան թղթակից։

Ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությունը ներկայացրել է հայաստանյան զարգացումները՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ներկայացնելով ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավար և ձեռներեց։ Այս գործակալությունն ընթերցողին հիշեցրել է նաև այս ամենին նախորդած ԲՀԿ առաջնորդի ելույթը հունիսի 5-ին կուսակցության քաղաքական խորհրդի նիստում, որի ընթացքում ԲՀԿ առաջնորդը խոսել էր ՀՀ կառավարության հրաժարականի անհրաժեշտությունից։

Gazeta.ru-ն ևս հրապարակել է նախօրեի քրոնիկոնի կարևոր իրադարձությունները։

Ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալության ուշադրությունից չեն վրիպել ոստիկանության գործողությունները և ԲՀԿ առաջնորդի պնդումները, որ իր նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հետապնդում իր հայտնի ելույթից հետո։ «Ինձ ցանկանում են վախեցնել, սա շանտաժ է, քաղաքական հետապնդում։ Ցանկանում եմ, որպեսզի Դուք իմանաք և վստահ լինեք՝ հետ չեմ կանգնելու։ Ինչ էլ որ լինի, պատրաստ եմ ամեն ինչի»,- մեջբերել է Ծառուկյանի խոսքերը «Ինտերֆաքս»-ը։

«Էխո Մոսկվա» ռադիոկայանը ևս ներկայացրել է հայաստանյան լուրերը՝ մանրամասներ հաղորդելով հատկապես ԱԱԾ շենքի մոտ տեղի ունեցած զարգացումներից և ոստիկանության ստորաբաժանումներ քաղաքացիներին բերման ենթարկելու գործողություններից։

«ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը ևս մեջբերել է Ծառուկյանի խոսքերը, որ իր նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հետապնդում։ Այս գործակալությունը  հիշեցրել է Ծառուկյանի հայտնի ելույթը, ինչպես նաև այն, թե ինչ  հայտարարություն է տարածել հետո ԱԱԾ-ն Ծառուկյանի հետ կապված որոշ խախտումների մասին։

«Հայաստանյան ընդդիմության առաջնորդի տանը խուզարկություն տեղի ունեցավ» վերտառությամբ հոդված է տպագրվել նաև գերմանական «Դոլչե Վելլե» լրատվական գործակալության  էջերում։ Այս գործակալության  հայաստանյան թղթակիցը մանրամասնորեն ներկայացրել է նախօրեի զարգացումները՝ նկարագրելով բոլոր գործողությունները, որոնք ծավալվել էին Ծառուկյանի Առինջի առանձնատանը վաղ առավոտից։

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականում է ուշագրավ հոդված տպագրվել երևանյան քրոնիկոնի մասին «Հայաստանի վարչապետին մարտահրավեր նետեց փողոցը» վերտառությամբ։ Հետաքրքրականն այն է, որ հոդվածագիրները նշել են, որ Հայաստանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով առաջին  ակցիան։

«ՀՀ վարչապետը, ով իշխանության է եկել 2018 թվականին փողոցային բողոքի ալիքի վրա, առաջին անգամ բախվել է իր իշխանության դեմ մասսայական ակցիայի։ Այն բանից հետո, ինչ ՀՀ ԱԱԾ-ն հարցաքննության հրավիրեց ամենամեծ ընդդիմադիր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, ով քննադատել էր վարչապետին «բոլոր ոլորտներում տապալվելու» մեջ, գերատեսչության պատուհանների տակ հավաքվեցին հարյուրավոր ցուցարարներ՝ «Նիկոլ, հեռացիր» կարգախոսներով։

Սա դարձավ ընդդիմության հետ վարչապետի լեզվակռվի գագաթնակետը։ Կոնֆլիկտն ընդդիմությանը մղեց միավորման»,- նշել են հոդվածագիրները։

«Կոմերսանտը» հիշեցրել  է նաև ՀՀ վարչապետի վերջին կոշտ հայտարարություններն  իր քաղաքական ընդդիմախոսների հասցեին, այդ թվում՝ այն, որ նրանք «քաղաքական բացիլներ» են, և, որ հայտնվելու են «Հայաստանի քաղաքական պատմության աղբամանում»։

Այս պարբերականը, բացի  համապարփակ տեղեկատվություն ներկայացնելուց, խոսել է նաև  ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հետ, ով նշել է, որ Գագիկ Ծառուկյանն ի սկզբանե քննադատություն է հնչեցրել միայն այն պատճառով, որպեսզի հետագայում փոխանակի իր ընդդիմադիր գործունեությունից հրաժարվելը քրեական գործերի հետ։ «Բայց ինչպես հայտնի է, ներկայիս իշխանությունը չի պայմանավորվում նման պայմաններով և ընդհանրապես չի պայմանավորվում մարդկանց հետ, որոնք մեղադրվում են հանցագործությունների մեջ»,- ասել է Սիմոնյանը։

Հարկ է նաև նշել, որ չնայած Ադրբեջանում այս օրերին կորոնավիրուսային իրավիճակի վատթարացում է նկատվում, հայաստանյան ներքաղաքական իրադարձությունները լայնորեն լուսաբանվում են ադրբեջանական մամուլի էջերում, և ավելորդ է նշել, թե ինչ կոնտեքստում։

Տեսանյութեր

Լրահոս