«Մի անգամ Նիկոլ Փաշինյանի վզակոթից բռնեցին-շպրտեցին դեպի ոստիկանական մեքենա, և ես վախենամ, որ դա տեղի ունենա ևս մեկ անգամ». Արթուր Համբարձումյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը վաղ առավոտից իրականացվող խուզարկության և դրան հաջորդած իրադարձությունների վերաբերյալ 168.am-ը լսել է Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) դասախոս, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր և նախկին անդամ Արթուր Համբարձումյանի գնահատականները:

– Ինչո՞ւ միայն երկու տարի անց անդրադարձ եղավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «անցյալին», ինչո՞ւ հենց այս պահին:

– Երկու տարվա ընթացքում Փաշինյանի գործողություններն ամբողջությամբ ունեցել են մեկ նպատակ՝ բոլոր ինստիտուտները, բոլոր անձինք, բոլոր անհատները (խոսքս վերաբերում է այն ինստիտուտներին և անհատներին, ովքեր հասարակության վրա ունեն որոշակի ազդեցություն) պետք է անվերապահորեն ենթարկվեն «ժողովրդին», հետևապես՝ անվերապահորեն ենթարկվեն վարչապետին:

Ըստ նրա՝ նրանք, ովքեր այդ թաքնված մեսիջը չեն ընկալում, իրենք դավաճաններ են, հինգերորդ շարասյուն են, և այսպես շարունակ: Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ սկսվել է ամենաայլանդակ արշավը անհատի կամ ինչ-որ ինստիտուտի ներկայացուցչի նկատմամբ, երբ ինքը սկսել է քննադատել իշխանություններին, բազմաթիվ են այդպիսի դեպքերը՝ սկսած եկեղեցու ներկայացուցիչներից՝ վերջացրած քաղաքական ուժերի ներկայացուցիչներով: Այն, ինչ տեղի է ունենում Ծառուկյան Գագիկի հետ, պետք է դիտարկել այս համատեքստում:

– Այնպես է ստացվում, որ իշխանությունները, ինչպես իրենք են բնորոշում կորոնավիրուսի համավարակը՝  պատերազմական իրավիճակում ամեն բան կարող են անել, իսկ ընդդիմությունը, ժողովուրդը` ոչ: Ինչո՞ւ  իշխանություններն իրենց որևէ գործողություն, քայլ չեն հետաձգում պատերազմական իրավիճակում:

– Պատերազմական իրավիճակը ենթադրում է հրամանատարության ուղերձների, հրամանների անվերապահ կատարում: Լևոն Տեր-Պետրոսյանի թեթև ձեռամբ այդ հիմար թեզը գցվեց շրջանառության մեջ (ինչո՞ւ է հիմար, քանի որ մենք պատերազմական իրավիճակում չենք գտնվում)՝ մեկ պատճառով, որպեսզի անհատները,  քաղաքացիները, ժողովուրդը անվերապահորեն կատարեն ՀՀ դասալիք գերագույն գլխավոր հրամանատարի ուղերձները, հրամանները, որոշումները, որպեսզի «կառավարի» մարդկանց:

– Իսկ իշխանություններին կհաջողվի՞ այս մեթոդներով զսպել հասարակական դժգոհությունների ալիքը:

– Իհարկե, չի ստացվի: Փիլիսոփայության մեջ այսպիսի թեզ կա, և այն իր խոսքերում շատ է օգտագործում  վրաց փիլիսոփա Մերաբ Մամարդաշվիլին, ով ասում է՝ այն, ինչ մի անգամ եղել է, անպայման էլի լինելու է: Եթե այս թեզը փորձենք պրոյեկտել Հայաստանի քաղաքական դաշտի վրա, կարելի է ասել՝  մի անգամ Նիկոլ Փաշինյանի վզակոթից բռնեցին-շպրտեցին դեպի ոստիկանական մեքենա, և ես վախենամ, որ դա տեղի ունենա ևս մեկ անգամ:

Տեսանյութեր

Լրահոս