«Ծառուկյանը հրապարակային երդում է կերել, իսկ դա նշանակում է, որ հետ չի կանգնելու». Արմեն Բադալյան

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ այն, ինչ տեղի է ունենում ԲՀԿ ղեկավարի և կուսակցության շուրջ, ունի երկու բացատրություն:

168.am-ի հետ զրույցում նա ներկայացրեց իր համար ընդունելի երկու տարբերակները. «Առաջին՝ ամբողջ գործողությունների մեկնաբանությունն այն է, որ վարչապետը որոշել է վերջնականապես երկրում հաստատել մեկ անձի տոտալ իշխանություն, այսինքն՝ բռնապետություն, իհարկե, ժողովրդավարական դիզայնը պահպանելով: Դա նշանակում է, որ ցանկացած այլընտրանք պետք է վերացվի, լինի դա Հանրային խորհուրդ, Սահմանադրական դատարան, ԲՀԿ:

Ինչո՞ւ ԲՀԿ, որովհետև ԲՀԿ ղեկավարն այն անձն է, որն ունի որոշակի ընտրազանգված, որը պահպանել է, ինչն ապացուցվել է: Մասնավորապես, 2019թ. Աբովյան քաղաքի քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին, որ չնայած՝ վարչապետը քարոզարշավ է իրականացնում կոնկրետ մեկ թեկնածուի համար, բայց այդ թեկնածուն պարտվեց և հաղթեց ԲՀԿ-ի անուղղակի աջակցությունը ստացած թեկնածուն: Դա մեկ տարի առաջ: Հիմա, երբ կորոնավիրուսն էլ իր հերթին բավականին գցել է իշխող թիմի ղեկավարի վարկանիշը, ԲՀԿ-ն դիտվում է որպես լուրջ վտանգ, և փորձ է կատարվում չեզոքացնել այդ վտանգը, ինչը ենթադրում է, որ չեզոքացումը պետք է լինի մաքսիմալ, այսինքն՝ առնվազն պետք է ԲՀԿ ղեկավարը կալանավորվի 2 ամսով, ոչ թե՝ 72 ժամով, որից հետո փորձեն ԲՀԿ կառույցը ոչնչացնել. ոստիկանական և ԱԱԾ ուժերով կալանավորեն նրա կողմնակիցներին, կուսակցության անդամներին»:

Քաղտեխնոլոգը նկատեց՝ ԲՀԿ առաջնորդը «տղայական երդում է կերել», որ մինչև վերջ գնալու է, ինչն, ըստ նրա՝ ենթադրում է, որ Գագիկ Ծառուկյանը հետ չի կանգնելու.

«2015թ. նման գործընթաց կար, երբ կար քառյակը, բայց այդ ժամանակ ԲՀԿ առաջնորդը երդում չտվեց: Հիմա հրապարակային երդում է կերել և դա իր շրջապատում այլ կերպ կընկալվի, եթե հետ կանգնի, իսկ դա նշանակում է, որ հետ չի կանգնելու: Եթե իշխող ուժը որոշում կայացնի, որ նրան չի կալանավորելու և սա ընդամենը վախեցնելու նպատակ էր հետապնդում, ապա ԲՀԿ-ն մինչև վերջ գնալու է: ԲՀԿ առաջնորդը միայն ԲՀԿ առաջնորդ չէ՝ չմոռանանք «Արարատ» գինու-կոնյակի կոմբինատը, որը մի քանի հազար գյուղացուց խաղող է մթերում. Պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե խաղող չմթերվի, այդ գյուղացիներն իրենց խաղող ի՞նչ են անելու, ո՞ւմ դեմ են իրենց բողոքն ուղղելու, առավել ևս հիմա, երբ համավարակով պայմանավորված՝ սոցիալ-տնտեսական ճգնաժամ է: Դա բավականին լուրջ խնդիր կառաջացնի, իսկ իշխանությունն այդքան գումար չունի, որ բոլորին բավարարի, այսինքն՝ միայն կալանավորելով չէ, մի քիչ հեռու պետք է մտածել: Եթե կալանավորման գործընթաց լինի, վստա՞հ եք, որ խաղողագործները ճանապարհներ չեն փակի կամ ինչ-որ գործողություններ չեն անի, իսկ դրանք գյուղեր են՝ տասնյակ գյուղեր խնդիրներ են ունենալու»:

Երկրորդ մեկնաբանությունը, ըստ Բադալյանի, այն է, որ այն, ինչ տեղի է ունենում, նախապես պայմանավորված գործընթացներ են, որպեսզի պատճառաբանություն ստեղծվի և վարչապետը հեռանա պաշտոնից և Հայաստանից.

«Դրա համար պետք են ինչ-որ գործողություններ, ինչպես 2018թ. գարնան իրադարձություններն էին պայմանավորված տեղի ունենում. երրորդ նախագահի և գործող վարչապետի միջև որոշակի համաձայնությունների շուրջ պայմանավորված՝ իշխանափոխություն եղավ, որը ներկայացվեց հեղափոխության տեսքով: Դրա ճարտարապետներն Արևմուտքում էին նստած: Հիմա էլ այլ գործողություններ են, որ վարչապետը հեռանա պաշտոնից և Հայաստանից, քանի որ ինչպես մամուլն է գրում՝ Կանադայում անշարժ գույք արդեն ձեռք է բերվել՝ պահուստային օդանավակայանի համար: Բայց դրա համար պետք են թատերական գործողություններ պետք է լինեն, որ ժողովուրդը դուրս գա, պայքարի, որովհետև եթե ԲՀԿ-ի ղեկավարին կալանավորում ես, դա կարող է հազարավոր մարդկանց փողոց դուրս բերել: Այսինքն՝ դու Արևմուտքում այդ մարդկանց առաջ պատճառ ես ստեղծում, թե ինչու ես հեռացել, որովհետև չի բացառվում, որ երրորդ նախագահը ոնց պետք է՝ բացատրել է վարչապետին, որ լավագույն ճանապարհը նրա կողմից հեռանալն է: Պետք է շատ մարդ դուրս գա փողոց, որ Արևմուտքին ասի՝ ես չկարողացա իմ գործողություններն անել, ժողովուրդը լավը չէ, պաշտպանում է օլիգարխներին»:

Թե այս տարբերակներից որն է այս պահին տեղի ունենում՝ Արմեն Բադալյանը խուսափեց նշեց, միայն խորհուրդ տվեց զգացմունքային դաշտում չդիտարկել այն, ինչ տեղի է ունենում. «Եթե զգացմունքային դաշտում եք դիտարկում, լրիվ այլ պատկեր եք ստանում: Թատրոնում խաղը զգացմունքի վրա է գնում, դրա համար զգացմունքայնություն շատ կա այս գործընթացի մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս