«Ես կասկածի տակ եմ դնում այն հարցը, որ մենք պատերազմի մեջ ենք, որովհետև իշխանության գործողությունները լրիվ այլ բանի մասին են խոսում». Անի Սամսոնյան

«Այս պահին արձանագրենք այն, որ այս գործողությունները տեղի ունեցան ԲՀԿ քաղաքական ակտիվությունից և նրանց հայտարարություններից հետո: Իսկ սրա վերաբերյալ մանրամասն մենք կխոսենք ավելի ուշ: Միայն սա արձանագրենք, որ այն, ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում այդ քաղաքական քննադատությունների և ակտիվության ֆոնից հետո»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև համագործակցություն լինի, նա պատասխանեց.

«Մենք այս պահին նման քննարկումներ չունենք, մեզ անհրաժեշտ է իրավիճակը մանրամասն վերլուծել և հասկանալ՝ այդ իսկ պատճառով մենք չենք շտապում մեր քաղաքական և իրավական գնահատականներում, իսկ այս պահին խնդիրն այն է, որ թույլ չտանք՝ իրավիճակը լարվի:  Մարդկանց են բերման ենթարկում Ոստիկանություն, ես հիմա գնում եմ բաժիններով, և պետք է փորձենք այնպես անել, որ իրավիճակը շատ չլարվի: Չմոռանանք, որ մենք գտնվում ենք համավարակի իրադրությունում»:

Հետաքրքրվեցինք՝ իշխանություններն ասում են, որ երկրում պատերազմական իրավիճակ է, այդ դեպքում ինչո՞ւ նման գործողության գնացին, չէի՞ն հաշվարկում, որ դա նման արձագանք է գտնելու:

«Դատելով իշխանության քաղաքական օրակարգերից և նրանց զբաղմունքից՝ այն, ինչի վրա նրանք այսօր կենտրոնացել են, ես կասկածի տակ եմ դնում այն հարցը, որ մենք պատերազմի մեջ ենք, որովհետև իշխանության գործողությունները լրիվ այլ բանի մասին են խոսում: Եթե երկրի առողջապահության նախարարն ասում է, որ մենք գտնվում ենք համավարակի ճգնաժամային փուլում, բայց զբաղվում է քաղաքական գրառումներ անելով, քաղաքական գնահատականներն հնչեցնելով, քաղաքական ուժերի ճակատագիրը կանխագուշակելով, կներեք, բայց ես չեմ հավատում, որ մենք գտնվում ենք ճգնաժամի մեջ, և սա պատերազմ է: Եթե իշխանությունն ուզում է՝ հավատանք, որ մենք պատերազմում ենք համավարակի դեմ, ապա իրենց վարքագիծը պետք է համարժեք լինի այս իրադրությանը, բայց իրենց վարքագիծը համարժեք չէ այս իրադրությանը»,- ի պատասխան՝ ասաց պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս