Բաժիններ՝

«Ոստիկանը դիմակ չկրելու համար քաղաքացու նկատմամբ ուժ կիրառելու կամ նրան տուգանելու իրավասություն չունի». Միքայել Մինասյան

Այն, ինչ կատարվում է այսօր ՀՀ-ում, ոչ մի աղերս չունի որևէ ժամանակակից ժողովրդավարության ընկալման հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տարածած տեսանյութում ասաց Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը։

«Փորձեմ բացատրել․ ՀՀ-ում չկա այդպիսի պաշտոն, որը դարձել է այսօրվա պարետ կոչվածը։ ՀՀ սահմանադրությունը չի ընկալում պարետին այն ընկալման մեջ, որը ունի Նիկոլը, որովհետև նրանք հորինել են այդ պաշտոնը»,- ասաց նա։

Միքայել Մինասյանի խոսքով՝ ՀՀ օրենսդրության համաձայն՝ պարետը գործառույթը պարետատան աշխատանքները կոորդինացնելն է։

«Երբ գալիս են և սրճարան են փակում պարետի անունից, դա մոտավորապես նույնն է, երբ միջնադարում գալիս, ասում էին՝ ֆեոդալը որոշել է, որ այս սրճարանը չպետք է աշխատի։ Ի՞նչ օրենքով է դա արվում, բացարձակ պարզ չէ, չկա այդպիսի օրենք։ Կամ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքով գրում է, որ պարետի որոշմամբ ժողովուրդը պետք է կրի դիմակ։ Ես կասկածի տակ չեմ դնում՝ դիմակը պետք է կրել, թե ոչ, ես նույնիսկ չեմ ուզում հիմա ձեզ պատմել, որ բոլորիս կողմից սիրված ВОЗ-ը ասում է, որ դիմակ կրելը ոչ միայն անիմաստ է, նաև տեղ-տեղ կարող է լինել վտանգավոր։ Բայց ընդունենք դիմակը պետք է կրել։ Ուրեմն, երբ պարետի որոշումը և Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքը հանում ես, չկա ոչ մի նորմատիվ ակտ, որը ստիպում է մարդուն կրել դիմակ»,- նշեց դեսպանը։

Նրա վստահեցմամբ՝ դիմակ չկրելու համար քաղաքացու նկատմամբ ուժ կիրառող ոստիկանը ևս նման իրավասություն չունի, ինչպես նաև իրավունք չկա մարդկանց տուգանելու, քանի որ հիմքում չկա ոչ մի օրենսդրական բազա։

«Այս մարդիկ ՀՀ-ին վերաբերում են որպես սեփական «դուքյան»։ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրում է, որ դուք պետք է կրեք դիմակ և ոստիկանները մարդկանց տապալում են գետնին։ Անգամ 1937 թ-ին նման բաներ չէին արվում, որովհետև գոնե ձևական, բայց օրենքներ էին տակը դնում»,- ասաց Միքայել Մինասյանը։

Դեսպանը նաև բարձրացնում է հարցը, թե ինչ օրենքի հիման վրա է ոստիկանության կապիտանը ուղեկցում է «օտար երկրից ֆինանսավորվող ՀԿ ղեկավարին»՝ ՀՀ քաղաքացու մասնավոր սեփականություն մուտ է գործելու համար։ Խոսքը ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոսաննիսյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին է։

«Միջնադարում կար օրենք՝ «առաջին գիշերվա իրավունք»։ Ֆեոդալներն իրավունք ունեին առաջին գիշերը հարսի հետ անցկացնել։ Եթե վաղը չէ մյուս օրը Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքի միջոցով ասի՝ գիտեք, քանի որ դուք բոլորդ հպատակ եք, առաջին գիշերվա իրավունքը պետք է տալ ոստիկանապետին։ Եվ նա գա, ասի՝ գիտեք ինչ, ֆեյսբուքում է գրված։ Հավաստիացնում եմ՝ սա նույն տրամաբանությունն է»,- նշեց Միքայել Մինասյանը։

tert.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս