ՀՀ-ում Փաշինյանի գլխավորությամբ գործում է երկաթի մաֆիա, որի գործունեության արդյունքում արտահանվել է 50 հազար տոննա երկաթ և թալանվել է 4 մլրդ դրամ․ Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Ստի վերջը» խորագրով հերթական՝ 9-րդ մասը։
Այս անգամ Միքայել Մինասյանը խոսել է երկրից երկաթի արտահանման մասին։
Նա նշել է, որ Հայաստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ՝ Աննա Փաշինյանի գլխավորությամբ գործում է երկաթի մաֆիա, որի գործունեության արդյունքում առանց 1 տոննայի դիմաց 80 հազար դրամ վճարելու արտահանվել է 50 հազար տոննա մետաղի ջարդոն, թալանվել է 4 մլրդ դրամ։
Հարստանալու պրոցեսը․ Միքայել Մինասյանի խոսքով, Փաշինյանն ու Աննա Հակոբյանը սկսել են 2018-ի հուլիսից, երբ ստեղծվեց «ՔԱԿ» պրոեկտը։
«Նրանք արտահանում են մետաղի ջարդոն՝ առանց վճարելու պետական տուրքերը։ ՀՀ-ից երկաթ արտահանելու համար 1 տոննայի համար պետք էր մուծել 80 հազար դրամ։ Բացառություն կազմում է, երբ ջարդոն արտահանելիս ապացուցում ես, որ այն գոյանում է քո արտադրության արդյունքում գոյացած ջարդոնից։
Հայաստանում մինչև 2018-2020 թվականները մետաղի ջարդոնի արտահանման թվերը շատ-շատ փոքր էին, օրինակ՝ 2014-ին արտահանվել է 200 տոննա, 2015-ին՝ 0, սակայն ամեն ինչ փոխվում է 2018-ից հետո, երբ ՀՀ-ից արտահանվում է 50 հազար տոննա մետաղական ջարդոն՝ առանց մուծելու յուրաքանչյուր տոննայի համար 80 հազար դրամը»,-ասել է նա՝ նշելով, որ Հայաստանում Փաշինյանի և Աննա Հակոբյանի գլխավորությամբ գործող այս սխեմայի միջոցով թալանվել է 4 մլրդ դրամ։