Բաժիններ՝

«Կանխարգելման փոխարեն մենք ավելի շատ կենտրոնանում ենք բուժման վրա». Արմեն Սարգսյանի հարցազրույցը Financial Times պարբերականին

Բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականի ինովացիոն բաժնի խմբագիր Ջոն Թորնհիլի հետ զրույցում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է տեխնոլոգիական ստարտափների, աշխարհի վերափոխման և փոքր երկրների ակումբ ստեղծելու գաղափարի մասին։

Financial Times-ի նախաբանն ու հարցազրույցը թարգմանաբար ներկայացվում են ստորև.

«Արմեն Սարգսյանն արտասովոր նախագահ է։ Նախ և առաջ, նա աշխարհում պետությունների այն սակավաթիվ ղեկավարներից է, որը խոր գիտելիքներ ունի տեխնոլոգիաների ոլորտում, անվանի գիտնական է և գլոբալ մարտահրավերների վերաբերյալ տարբերվող մոտեցում ունի։ Թեպետ Հայաստանում նախագահի դերը մեծ հաշվով արարողակարգային է՝ նա օգնում է կապ հաստատել իր երկրի երեք միլիոն բնակչության և ամբողջ աշխարհով մեկ սփռված ութ միլիոն հայության միջև։

Խորհրդային Միության տարիներին Արմեն Սարգսյանը տեսաբան ֆիզիկոս էր: Ստանալով հեղինակավոր Լենինյան մրցանակ՝ նա հետազոտական աշխատանք իրականացրեց Քեմբրիջի համալսարանում՝ Սթիվեն Հոքինգի կողքին։ Նա նաև հայտնի Wordtris-Tetris համակարգչային խաղի համահեղինակն է։ Երբ 1991 թվականին Հայաստանն անկախացավ Խորհրդային Միությունից, Արմեն Սարգսյանը դարձավ իր երկրի առաջին դեսպանը Միացյալ Թագավորությունում և եվրոպական մի շարք երկրներում։ Նա նաև եղել է միջազգային բիզնես խորհրդատու և Հայաստանի վարչապետ։

Այս հարցազրույցում Սարգսյանը կոչ է անում ստեղծել փոքր, բայց հաջողակ երկրների ակումբ՝ հիմք դնելով նորարարական քաղաքականությանը։ Հայաստանը սիրում է իրեն անվանել ստարտափային ազգ, և, Արմեն Սարգսյանի կարծիքով, բոլոր երկրներն այժմ պետք է որդեգրեն ճկուն, տեխնոլոգիաներին միտված մտածողություն։

Նա նաև պնդում է․

· Covid-19-ի ճգնաժամն արագացրել է ապագա զարգացումները,
· Կառավարությունները պետք է աջակցեն նոր աշխատատեղերի ստեղծմանը, ոչ թե՝ պաշտպանեն նախկին արդյունաբերական ճյուղերը,
· Էլեկտրոնային կառավարումը կարող է վերափոխել երկրների գործելաոճը,
· Ստարտափները կենսական դեր ունեն նորարարությունների առաջխաղացման գործում,
· Մենք չպետք է հետին պլան մղենք կլիմայի փոփոխության դեմ պայքարը,
· Ճգնաժամը կնպաստի ինչպես հեռավար առողջապահության, այնպես էլ՝ հեռավար ուսուցման զարգացմանը։

-Իսրայելի նման, Հայաստանը նույնպես երբեմն բնութագրվում է որպես «ստարտափային ազգ»։ Ինչպե՞ս է Հայաստանն արձագանքել համավարակին։ Ինչպե՞ս է աշխարհը փոխվելու այս ճգնաժամի արդյունքում։

-Իրավիճակը բացառիկ է այն իմաստով, որ այստեղ խոսքը ոչ թե վարակի բնույթի, այլ այն պայմանների մասին է, որոնցում այդ վարակը զարգանում է։ Աշխարհը դարձել է առավել դինամիկ և անկանխատեսելի։ Սրընթաց փոփոխություններ են տեղի ունենում մարդկային գործունեության բոլոր ասպարեզներում՝ սկսած քաղաքականությունից մինչև մարդկային պարզ հարաբերություններ։

Կորոնավիրուսի ճգնաժամը միայն արագացրեց այս վերափոխումները, քանի որ այն հրատապություն հաղորդեց մեր կյանքի բոլոր ոլորտներին՝ ստիպելով հարցականի տակ դնել մեր վարքագիծն ու համոզմունքները։ Այդ իմաստով ամբողջ աշխարհում տարածված Covid-19 համավարակն ավելի շատ աշխարհում տեղի ունեցող խոր փոփոխությունների հետևանք է, քան՝ պատճառ։ Ուստի, շատ կարևոր է դիտարկել դրա հիմքում ընկած միտումները։

Մենք տեսնում ենք, որ յուրաքանչյուր երկիր ընտրել է կորոնավիրուսի դեմ պայքարի սեփական մեթոդն, ինչը նշանակում է, որ գրանցված արդյունքներն լինելու են տարբեր, հատկապես երբ սահմանները վերաբացվեն, և ճանապարհորդությունները վերսկսվեն։ Ընդհանուր առմամբ, հուսով եմ՝ այս ճգնաժամը կդառնա կատալիզատոր՝ գիտության և առողջապահության ոլորտում առաջնահերթությունների վերագնահատման համար՝ նպաստելով երկու ոլորտների ավելի սերտ ինտեգրմանը: Դժբախտաբար, համավարակը կտրուկ ազդելու է զբաղվածության ոլորտի վրա, քանի որ հնարավոր է՝ տնտեսության վերագործարկման արդյունքում որոշ աշխատատեղեր վերանան։ Հետևաբար, կառավարությունների համար ավելի կարևոր է դառնում նոր տնտեսություններ և նոր աշխատատեղեր ստեղծելու վրա կենտրոնանալը, քան՝ փորձել վերակենդանացնել ժամանակային առումով իրենց սպառած արդյունաբերության ճյուղերը։ Ճկուն աշխատուժ ունենալու խիստ անհրաժեշտությունը մեզ կստիպի վերանայել կրթական և մասնագիտական վերապատրաստումը։ Մենք պետք է արագորեն լուծենք կարևորագույն այս խնդիրները, ինչն էլ իր հերթին կարող է նպաստել գիտության, կրթության և աշխատանքի՝ երեք այս ոլորտների միջև համագործակցությանը։

Ավելին, վտանգ կա, որ առողջապահության ոլորտում համաշխարհային ճգնաժամն ուշադրությունը կշեղի կլիմայի փոփոխության հարցից՝ որպես քաղաքական օրակարգի առանցքային թեմա: Այս երկուսն էլ ինչ-որ առումով հակասական կապի մեջ են, քանի որ վերջին երկու ամսվա ընթացքում հանածո վառելիքի օգտագործումը նվազել է։ Իրենց տնտեսական գործունեությունը վերսկսելու՝ երկրների շտապողականությունը կարող է հակառակ ազդեցություն ունենալ կլիմայի վրա, քանի որ բնապահպանական կարգավորումներն, ամենայն հավանականությամբ, կմեղմացվեն կամ կչեղարկվեն:

Հիանալի կապ է ստեղծվել հանրային առողջապահության և հանրության բարեկեցության միջև, որ Հայաստանը և ամբողջ աշխարհը փորձում են ապահովել։

Այս աննախադեպ իրավիճակում մեր ուշադրությունը պետք է կենտրոնացնենք հասարակության խոցելի շերտի՝ մարդկանց վրա, ովքեր զրկված են կայուն եկամուտ ստանալու հնարավորությունից։ Այդ մարդկանց, ինչպես նաև անորոշության հետևանքով տուժած մյուս խմբերին ուղղված մեր անկեղծ ու մշտական աջակցությունը պետք է դառնա վերականգնման անբաժանելի նախապայման:

-Ի՞նչ դեր կարող են ունենալ ստարտափները հետճգնաժամային տնտեսության համար։

-Ստարտափները շարունակելու են առանցքային դեր խաղալ հետհամավարակային աշխարհում։ Ցավալի իրականությունն այն է, որ յուրաքանչյուր երկրում աճելու է գործազրկության մակարդակը։ Ընկերությունները ստիպված են լինելու լարել իրենց ուժերը չխորտակվելու համար՝ միաժամանակ կրճատելով հետագա ծախսերը և փորձելով հարմարվել ապրուստի, սպառման և աշխատանքի նոր ձևերին։ Ինչպես և 2008 թվականի ճգնաժամից հետո, այս անգամ ևս մարդիկ ստիպված կլինեն գնալ առավել մեծ ռիսկերի և գործարկել նոր ընկերություններ, քանի որ հնարավոր է՝ նրանք չկարողանան վերադառնալ իրենց հին աշխատանքին։ Կառավարությունները պետք է ամեն կերպ խրախուսեն ռիսկի դիմելու նման ձևերը, քանի որ այդ ընկերությունները կարող են օգնել մեզ՝ գնալ նորարարությունների և առավել արդյունավետ ապրել ու աշխատել հետհամավարակային աշխարհում։ Դա կարող է լինել ներդրողների համար հարկային արտոնությունների սխեմաների ստեղծման տեսքով, որպեսզի նրանք առավել մեծ կապիտալ հատկացնեն այս ստարտափներին: Կամ էլ կարող է արտահայտվել յուրաքանչյուր երկրում էկոհամակարգի աջակցությամբ՝ հավաստիանալու, որ գործում է իրավական, կրթական և տեխնոլոգիական ճիշտ միջավայր: Նման քաղաքականությունը կարևոր է գործազուրկներին աշխատատեղով ապահովելու համար, ինչպես նաև հնարավորություն տալ մեզ՝ արագորեն փոխվելու հին տնտեսությունից դեպի նորը։

-Ինչպե՞ս կարող ենք մեր առողջապահական և կրթական համակարգերը դարձնել առավել հարմարվող։ Ինչպե՞ս կարող ենք խթանել կանխարգելիչ դեղամիջոցների արտադրությունը։ Որքա՞ն արդյունավետ կարող է դառնալ հեռավար ուսուցումը։

– Այս համավարակն ի ցույց դրեց առողջապահական համակարգերի համընդհանուր անպատրաստ լինելը հնարավոր համավարակի դեմ պայքարի հարցում՝ չնայած վերջին 20 տարվա մշտական նախազգուշացումներին: Տեխնոլոգիաները մեզ օգնում են ստեղծել ոչ միայն հեռավար ուսուցում, այլև՝ հեռավար առողջապահություն։ Կանխարգելման փոխարեն մենք ավելի շատ կենտրոնանում ենք բուժման վրա։ Համավարակն այս մտքի հստակ դրսևորումն է։ Տեխնոլոգիաները՝ շնորհիվ արհեստական բանականության և հեռավար ներգրավվածության, կարող են օգնել մարդկանց պահպանելու հիգիենայի, առողջապահության և կրթության ավելի բարձր չափանիշներ՝ առանց հարկ վճարողի վրա ավելի մեծ ծախսեր կատարելու: Եվ այս տեխնոլոգիական լուծումները մշակելու համար մենք պետք է խրախուսենք մասնավոր հատվածին։ Առաջնային ներդրումները և պետությունների կողմից նորարարության ճիշտ էկոհամակարգեր ստեղծելու խթանները կապահովեն ծախսերի երկարաժամկետ նվազեցում՝ միաժամանակ բարձրացնելով կրթության և առողջապահության մակարդակը: Որպես կրթական առաջին համակարգչային խաղերից մեկի՝ Wordtris-Tetris-ի համահեղինակ, ես հավատացած եմ, որ ապագայում կրթական խաղերն առավել մեծ դեր կարող են ունենալ, քան՝ ավանդական դասասենյակային մոտեցումները։

Ես ինքս ևս օգտագործել եմ այս հնարավորությունը մի քանի հեռավար դասախոսություններ անցկացնելու համար։ Եվ քանի որ այս ձևաչափն էականորեն տարբերվում է ուսանողների հետ միևնույն սենյակում շփվելու ձևաչափից, այն օգտակար փորձառություն եղավ։ Տեխնոլոգիաները մեզ հնարավորություն են տալիս հաղթահարել հեռավորությունը և այլ խոչընդոտներ, և մենք պետք է դրանք օգտագործենք որպես առավելություն, որպեսզի ոչ մի համաճարակ կամ այլ իրադարձություն չկարողանա խաթարել բոլոր տարիքի ուսանողների կրթության շարունակականությունը: Մենք հնարավորություն ենք ստացել տեխնոլոգիաների օգտագործմամբ կրթություն ապահովելու նրանց համար, ովքեր նախկինում չունեին դրա հնարավորությունը, և ես հավատում եմ, որ համավարակը կարագացնի այդ գործընթացը:

-Այս տարվա սկզբին Իսրայել կատարած այցի ընթացքում Դուք հանդես եկաք փոքր երկրների ակումբ ստեղծելու գաղափարով։ Կարո՞ղ եք առավել մանրամասն ներկայացնել դա։

Տևական ժամանակ է, որ ինձ մոտ ծնվեց փոքր երկրների ակումբ ստեղծելու գաղափարը։ Վերջերս ես այն քննարկել եմ մի շարք ղեկավարների հետ, որոնք, իմ կարծիքով, հետաքրքրված են այն կյանքի կոչել։ Նրանց թվում են Կատարի էմիրը, Աբու Դաբիի թագաժառանգը, Սինգապուրի վարչապետը, Ռուանդայի և Մոնտենեգրոյի նախագահները և այլն։ Այս գաղափարի մասին հանրայնորեն ես խոսել եմ Իսրայել կատարած իմ այցի ժամանակ։ Կարծես թե գաղափարը կյանքի է կոչվում, և ես շուտով պաշտոնապես կհայտարարեմ ակումբի բացման մասին։
Հիմա լավ ժամանակ է փոքր պետություն լինելու համար, քանի որ ժողովրդավարական նորմերի վրա հիմնված միջազգային ինստիտուտների տարածումը, որը զուգորդվում է գլոբալ շուկաների փոխկապակցվածության և հասանելիության աճի հետ, ներկայումս թույլ է տալիս, որ Հայաստանի նման փոքր պետությունները ոչ միայն բարգավաճեն, այլև՝ ազդեցություն ունենան բազմաբևեռ աշխարհակարգի զարգացման վրա: Միևնույն ժամանակ, ընթացիկ Covid-19 համավարակի նման անսովոր մարտահրավերները մի շարք փոքր պետությունների համար լրացուցիչ շարժառիթ են՝ արդյունավետ համագործակցության ձգտելու համար։ Ես հավատում եմ, որ եթե փոքր պետությունները հանդես գան որպես հավաքական ուժ, կարող են շոշափելի փոփոխություն կատարել աշխարհն ավելի անվտանգ, բարգավաճ և ներդաշնակ դարձնելու առումով: Ակումբի առաքելություններից մեկը փոքր պետությունների կողմից հավաքական գործողությունների և միջազգային նախաձեռնությունների նորարարական մոտեցումների բացահայտումն է: Մենք մուտք ենք գործում համաշխարհային տնտեսության նոր դարաշրջան, որը ձևավորվում է երեք շարժիչ ուժի վրա՝ թվայնացում ու նոր արդյունաբերական հեղափոխություն; կայուն զարգացման հրամայական և տնտեսական բազմաբևեռություն; և պետականամետ ազգայնականություն: Ակումբը փոքր պետությունների համար կարող է դառնալ զարգացման նոր ռազմավարությունների և աճի մոդելների գեներատոր՝ այս նոր դարաշրջան մտնելուն զուգընթաց:

-Դուք պետությունների այն քիչ ղեկավարներից եք, որը գիտնական է: Ի՞նչ դեր կխաղա գիտությունը Covid-19 ճգնաժամից մեզ դուրս բերելու հարցում: Որո՞նք են պատվաստանյութի մշակման ամենաարդյունավետ միջոցները: Ինչպե՞ս կարող են տեխնոլոգիաները մեղմել համավարակի հետևանքները:

-Գիտությունը, անշուշտ, բացառիկ կարևոր դեր կխաղա, քանի որ այն կտրամադրի վիրուսի և դրա հետևանքների էմպիրիկ գնահատականներ: Սա այսօր կարևոր է առավել, քան՝ երբևէ մեր հասարակությունների՝ տեղեկատվությամբ գերբեռնված լինելու պատճառով։ Մարդկանց համար շատ դժվար է ճիշտ քայլեր ձեռնարկել, երբ տարբեր ուղերձներ են ստանում կառավարությունից, իրենց սոցիալական խմբերից, ընկերներից կամ այն կազմակերպություններից, որտեղ աշխատում են:

Հետևաբար, գիտական խորհուրդներին հետևելը շատ կարևոր է կյանքեր փրկելու, ինչպես նաև տնտեսությունը ճիշտ ճանապարհով վերագործարկելու համար: Հիմա այժմ կարող ենք վստահորեն եզրակացնել, որ կարիք չկա ամբողջական սահմանափակումներ մտցնել յուրաքանչյուր երկրում, բայց կարող ենք պաշտպանել հասարակության այն շերտերին, արդյունաբերության այն ոլորտները կամ աշխատողներին, որոնք գտնվում են առավել ռիսկային գոտում: Միայն գիտությունը կարող է ճիշտ ուղղություն տալ, և մենք պետք է հետևենք փորձագետներին:

Պատվաստանյութի մշակման ամենաարդյունավետ միջոցը բաց համագործակցությունն է: Վիրուսը դեռ շատ չբացահայտված կողմեր ունի, և մենք ամեն օր դրա մասին նոր բաներ ենք բացահայտում: Արդյունավետ բուժում գտնելու համար պետք է սերտ համագործակցենք ոչ միայն մասնավոր-հանրային, այլև՝ գլոբալ մակարդակով: Աշխարհի տարբեր կառավարությունները պետք է պարտավորվեն ապահովել բաց այս համագործակցությունը և ճնշում գործադրեն մասնավոր հաստատությունների վրա՝ նույնն անելու համար:

Տեխնոլոգիաները, ինչպես հաճախ պատահել է պատմության ընթացքում, կարող են դառնալ գիտության փրկիչը համավարակների ժամանակ: Դրանք արդեն իսկ արդյունավետ են եղել հասարակական կարգի պահպանման գործում, քանի որ շատերը, ովքեր ունեն հեռուստացույց, համակարգիչներ, պլանշետներ կամ սմարթֆոններ, կարող են կապ պահպանել իրենց ընտանիքների, աշխատանքի և ընկերների հետ, միաժամանակ նաև՝ զվարճանալ: Պատկերացրեք, եթե այս ամենը տեղի ունենար 50 կամ նույնիսկ 30 տարի առաջ. հոգեկան առողջության խնդիրների և սոցիալական անհանգստությունների հետևանքները շատ աղետալի, իսկ սահմանափակումները պակաս արդյունավետ կլինեին: Կարծում եմ՝ սպառողների և աշխատողների վարքագծի այս փոփոխությունը կշարունակվի, և եթե այն արդյունավետորեն ընդունվի, ապա կարող է լինել որոշ չնախատեսված օգուտներ արտադրողականության, աղտոտվածության մակարդակի և ընտանիքի ու բնության հետ կապերի վերահաստատման առումներով:

-Պարզ է, որ կառավարությունները և ընկերություններն ստիպված կլինեն ավելի շատ շեշտը դնել կայունության, և ոչ միայն՝ արդյունավետության վրա: Ինչպե՞ս կարող են կազմակերպությունները դառնալ ավելի դիմակայուն:

-Այսօր, առավել քան երբևէ, կառավարությունները և բիզնեսը ճկուն, թափանցիկ և հստակ հաղորդակցության կարիք ունեն իրենց համապատասխան շահագրգիռ կողմերի հետ։

Պետական և հանրային ինստիտուտների դիմադրողականությունը կախված է հետևողականությունից: Հետևողականության ապահովման համար կառավարությունները պետք է ընդլայնեն տեխնոլոգիաների կիրառումը և իրականացնեն էլեկտրոնային կառավարում` ապահովելով անխափան գործունեություն և միաժամանակ կիրառելով այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք նախկինում չեն եղել: Ճիշտ հակառակը, այս համավարակը կարող է օգնել կառավարություններին դառնալ ավելի ներկայացուցչական և ավելի ժողովրդավարական, եթե նրանք առիթն օգտագործեն և իրականացնեն էլեկտրոնային կառավարում: Այն երկրները, որոնք լուրջ ներդրումներ են կատարել էլեկտրոնային կառավարման համակարգերում, ապացուցել են, որ ավելի կայուն են: Սինգապուրի և Ռուանդայի օրինակները ցույց են տալիս, թե այս հարցում որքան արդյունավետ կարող է լինել փոքր պետությունը։ Սինգապուրի կառավարության աշխատակիցների 1/7-ը մինչև համավարակը աշխատում էր տնից։ Այդպիսով, նրանք պատրաստ էին դիմագրավելու այս խնդրին՝ առանց մեծ խափանումների։

Էլեկտրոնային կառավարումը, ի թիվս այլնի, կարող է ստեղծել միջավայր կամ գործիքներ, որոնք անհրաժեշտ են կառավարությունների, բիզնեսի և նրանց համապատասխան գործընկերների կայուն գործունեության համար: Այն կարող է նաև օգնել հեշտացնելու տեխնոլոգիական նորարարությունների ավելի լայն կիրառումը՝ ավելի խրախուսելով այն:

Հայաստանն աշխարհի այն եզակի երկրներից է, որոնք ունեն Բարձր տեխնոլոգիաների նախարարություն: Դա վկայում է այն մասին, թե մենք որքան ենք կարևորում տեխնոլոգիաների զարգացումը: Արհեստական բանականությունը մեր տեխնոլոգիական զարգացման օրակարգում արդեն դարձել է գերակա ուղղություն, և մենք ձգտում ենք Հայաստանը վերածել արհեստական բանականության համաշխարհային հանգույցի: Այդ նպատակով, մենք պետական մակարդակով խրախուսում և աջակցում ենք ստարտափներին, որոնք աշխատում են այս ոլորտում: Ինչ վերաբերում է էլեկտրոնային կառավարմանը, մենք այն դիտարկում ենք որպես 21-րդ դարում կառավարման էական գործիք և վճռական քայլեր ենք ձեռնարկում Հայաստանի կառավարման բոլոր մակարդակներում ներդնելու ուղղությամբ:

-Ինչպե՞ս է Հայաստանը խրախուսում ստարտափների զարգացմանը:

-Հայաստանը լայն մարտավարություն է օգտագործում ստարտափների զարգացումը խրախուսելու համար՝ սկսած հարկման բարենպաստ պայմաններ ստեղծելուց մինչև աջակցություն BASTEM կրթությանը: Դա մի համակարգ է, որը թույլ է տալիս չորս հատուկ առարկաները՝ բիզնեսի կառավարում, գիտություն և տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա, ուսանողներին մատուցել որպես մեկ համապարփակ առարկա, այլ ոչ թե չորս առարկաները համարել առանձին և տարանջատել թեմաները: Հայկական ստարտափների համար ավելի շատ հնարավորություններ ստեղծելու և նրանց համաշխարհային առաջնորդներին ավելի մոտեցնելու համար մենք վերջերս գործարկեցինք ATOM (Advanced TOMorrow) նախաձեռնությունը: Սա նախագահական նախաձեռնություն է՝ հիմնված Հայաստանում տեխնոլոգիաների և գիտության զարգացման վրա, որի նպատակն է առաջատար ՏՏ ընկերություններին բերել Հայաստան՝ զարգացնելու արհեստական բանականությունը, մաթեմատիկական մոդելավորումը, մեքենայական ուսուցման կարողությունները՝ ապահովելով նրանց և մեր տեղական հաստատությունների, բիզնեսի և այս ոլորտում բարձրակարգ ընկերությունների միջև սերտ համագործակցություն: Միասին մենք կիրականացնենք նաև կրթական ծրագրեր՝ ազգային հզոր ուժ ստեղծելու համար. սա այն է, ինչը Հայաստանը ինչ-որ առումով դարձնում է ստարտափ։

Նաև չպետք է մոռանանք, որ Հայաստանը ոչ միայն փոքր պետություն է, այլև` համաշխարհային ազգ՝ ապագային միտված հավակնություններով: Սփյուռքի մեր հայրենակիցները կարևոր դեր ունեն և համաշխարհային շուկայում հանդես են գալիս որպես դեսպաններ հայկական ստարտափների և ապրանքների ներկայացման համար:

-Հայաստանը երբեմն համեմատվում է Իսրայելի հետ: Երկու երկրներն էլ աշխարհագրական առումով փոքր են, բայց ունեն աշխարհասփյուռ հայրենակիցներ՝ սփյուռք: Ո՞րն է սփյուռքի դերը Հայաստանի համար:

-Մեր պատմության ընթացքում մենք դարեր շարունակ զրկված ենք եղել պետականությունից: Սակայն աշխարհի յուրաքանչյուր անկյունում հայերը երբեք չեն հրաժարվել հայկական անկախ պետության վերականգնման իրենց երազանքից: Առանց այդ նպատակի, որը սերնդեսերունդ փոխանցվեց, մեզ համար շատ ավելի դժվար կլիներ իրականացնել Խորհրդային Միության փլուզումից հետո ինքնիշխան Հայաստան կառուցելու գործընթացը:

Չորսից հինգ անգամ ավելի շատ հայեր ապրում են արտերկրում, քան՝ Հայաստանում: Հայաստանում բնակվում է գրեթե նույնքան հայ, որքան՝ Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում: Լոս Անջելեսում, Ֆրանսիայում կամ Մերձավոր Արևելքում նույնքան հայ կա, որքան՝ մայրաքաղաք Երևանում:

Հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքը ՝ սփյուռքը բնական կամուրջ և օղակ է Հայաստանի և աշխարհի միջև, ուստի, ինչպես հրեական սփյուռքի պարագայում, հայկական սփյուռքը կարող է իր դերակատարումն ունենալ Հայաստանի ազգային շահերը առաջ մղելու գործում:

Մեր առաքելությունն ավելի քան պարզ է՝ ուժեղ պետականության միջոցով ստեղծել համաշխարհային ազգի ցանցային մոդել՝ հստակ ընդունելով մեր ընդհանուր շահերը: Ես հավատում եմ, որ Սփյուռք-Հայաստան համագործակցության նման ձևը կարող է շատ բան առաջարկել աշխարհին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս