«ՀՀ–ում ոչ միայն առողջապահական կորոնավիրուս է տարածվում, այլև քաղաքական, որը կբերի այդպիսի բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական և հասարակական ուժերի՝ քաղաքական իմաստով մահվան»․ Փաշինյան

Պարետատան նիստից հետո վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ ճեպազրույցի ժամանակ լրատվամիջոցներից մեկը հարցրել էր, թե Հայ Հեղափոխական Դաշնակցությունը համարում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության քայլերը կամ անարդյունավետ են, կամ ուշացած, հաճախ՝ նաև սխալ, և պահանջում են, որ ԱԺ-ն հատուկ նիստ գումարի, որտեղ կառավարության հետ կքննարկի ճգնաժամից դուրս գալու լուծումները, և պատասխանատվության կկանչի ձախողած բոլոր պաշտոնատար անձանց՝ սկսած թիվ մեկ պատասխանատու վարչապետից։ Ձեր քաղաքական թիմն արդյո՞ք պատրաստ է հանուն ժողովրդի նման քայլ անել, և Դուք պատրա՞ստ եք մասնակցել այդ օրակարգով նիստին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով հարցին՝ ասաց, որ Ազգային ժողովում կորոնավիրուսի հետ կապված արդեն 3 հատուկ նիստ, մի քանի անգամ հարց ու պատասխան է տեղի ունեցել, և այդ քննարկումները Կառավարությունում նույնպես տեղի են ունենում։

«Ուղղակի ուզում եմ արձանագրել, որ Դաշնակցության համար մեծ հաշվով ոչ մի բան չի փոխվել, որովհետև Դաշնակցության ներկայացուցիչներն այդ նույն հռետորիկայով և կառավարության հրաժարականի ենթատեքստով խոսում էին 2018թ․ ամռանը, երբ ընդամենը 1-2 ամիս էր անցել Կառավարության ձևավորումից։ Եվ ուզում եմ ասել՝ այնպիսի տպավորություն կա, որ Հայաստանում ոչ միայն առողջապահական կորոնավիրուս է տարածվում, այլև քաղաքական կորոնավիրուս է տարածվում, որը, ի տարբերություն առողջապահական կորոնավիրուսի, իմ կարծիքով՝ կբերի այդպիսի բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական և հասարակական ուժերի, քաղաքական իմաստով, մահվան։ Դա իմ համոզմունքն է, և կտեսնեք, որ այդ քաղաքական ուժերն ամբողջությամբ դուրս կմղվեն Հայաստանի քաղաքական-հասարակական կյանքից, որովհետև իրենք ըստ էության այս օրերին իրենց գործունեությամբ կառուցում են իրենց քաղաքական գերեզմանաքարը,- ասաց վարչապետը՝ հավելելով,– Հիմա շատ ընդունված է խոսել կորոնավիրուսի համատեքստում պատերազմական հռետորաբանությամբ, անկեղծ ասած, հայեցակարգային առումով ես այնքան էլ հաշտ չեմ այդ մտքի հետ, որովհետև  կարծում եմ, որ ճգնաժամին միշտ և բոլոր դեպքերում պետք է նայենք՝ որպես հնարավորություն, բայց, եթե նույնիսկ հարգելով այդ տրամաբանությունը՝ այսօր կան ուժեր և շրջանակներ, ովքեր այսպիսի հռետորաբանություն են զարգացնում, ասում են՝ երբ հրամանատարը կամ հրամանատարությունը պատերազմի ժամանակ ձախողվում է, նա պետք է հրաժարական տա, հեռանա և այլն։

Ուզում եմ նախ մեկ արձանագրում անել․ այսօր կորոնավիրուսի դեմ պայքարում ՀՀ–ն անգամներով ավելի լավ ցուցանիշ ունի, քան աշխարհի ամենազարգացած երկրները՝ մահացության  և բազմաթիվ այլ ցուցանիշներով։ Եվ ես ինչ-որ չեմ տեսնում, որ աշխարհի զարգացած այդ երկրներում քաղաքական բացիլը տարածվի այնպես, ինչպես Հայաստանում։ Բայց, եթե պատերազմական տրամաբանությամբ ենք խոսում, և մարդիկ ուզում են կառավարության գործողությունները դիտարկել պատերազմական տրամաբանության շրջանակներում, եկե՛ք դիտարկենք։ Իսկ պատերազմի ժամանակ ի՞նչ են անում խուճապ տարածողների հետ։ Իսկ պատերազմի ժամանակ ի՞նչ են անում սխալ տեղեկատվություն տարածողների հետ։

Իսկ պատերազմի ժամանակ ի՞նչ են անում հրամանատարի դեմ խոսողների հետ՝ նրանց դատում են ռազմական և պատերազմական իրավիճակին համապատասխան։ Բայց մենք, բնականաբար, այդպիսի քաղաքականություն չենք վարում, որովհետև ժողովրդավարական երկիր ենք և կարծում ենք, որ ժողովրդավարությունը շատ օգտակար է նաև կորոնավիրուսի այս շրջանում, որովհետև որոշակի շրջանակներ ամբողջությամբ և բացահայտ կերպով ի ցույց են դնում իրենց էությունը։ Այդ էությունը ցուցադրողները, ես որևէ կասկած չունեմ՝ նետվելու են Հայաստանի պատմության աղբանոցը։ Իրենք արդեն այդ աղբանոցում են, պարզապես հիմա տեղի  է ունենում այդ աղբանոցի վրա շատ ամուր կափարիչ դնելու պրոցեսը, և դա, փառք Աստծո, չի անում կառավարությունը, քանի որ նման նպատակադրում և մտադրություն չունի։ Դա անում են իրե՛նք, այդ ուժերը, և, իհարկե, դա անում է  հանրությունը՝ իր հստակ, աներկբա և աներեր վերաբերմունքով»։

Տեսանյութեր

Լրահոս