Բաժիններ՝

Չարթերի համար վճարված գումարը դեպոնացվել է. ՀՖՖ

168.amն օրեր առաջ գրել էր այն մասին, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2020 թվականի մարտի 30-ին՝ Ալմաթիում, ընկերական խաղում ուժերը պետք է չափեր Ղազախստանի ազգային հավաքականի հետ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի  (ՀՖՖ) հավաքական թիմերի ապահովման բաժինը տեղեկացրել էր, որ Հայաստան-Ղազախստան խաղից 4 օր առաջ՝ մարտի 26-ին՝ Տաշքենդում, Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում պետք է անցկացներ նաև Ուզբեկստանի հավաքականի հետ:

168.am-ի տեղեկություններով՝ չարթերային այդ 2 թռիչքների համար վճարվել է մոտ 170.000 դոլար, թռիչքները, հասկանալի պատճառներով, կապված կորոնավիրուսային համավարակի հետ, չեն կայացել, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ոչ մի կերպ չի կարողանում ստանալ արդեն իսկ վճարված գումարը:

Փորձել էինք տեղեկությունը ճշտել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանից, ով, սակայն, մեզ հորդորել էր գրավոր հարցում ուղարկել, ինչը և արել էինք:

Հարցման մեջ խնդրել էինք պատասխանել` վերադարձրե՞լ է արդյոք ՀՖՖ-ն արդեն իսկ վճարված գումարը, և իրականում որքա՞ն է եղել չարթերային երկու թռիչքների արժեքն ընդհանուր առմամբ:

ՀՖՖ հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ պատասխանել էին, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, իրոք, պատվիրել էր չարթեր՝ Հայաստանի ազգային հավաքականի ուղևորությունը դեպի Ուզբեկստան և Ղազախստան կազմակերպելու համար:

«Միաժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ չարթերի համար Ձեր կողմից հիշատակված գումարը չի համապատասխանում իրականությանը: Ինչ վերաբերում է Ձեր հարցման երկրորդ մասին, տեղեկացնում ենք, որ չարթերի համար վճարված գումարը դեպոնացվել է (միջոցների սառեցում,-Գ.Ս.) և կօգտագործվի ազգային հավաքականի չարթերային առաջիկա թռիչքների վճարումն իրականացնելու համար»,- տեղեկացրել էին ՀՖՖ-ից` առանց նշելու, սակայն, վճարված գումարի իրական չափը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս