Ստեփանակերտի համայնքի ավագանու նիստում քաղաքապետի նոր տեղակալ է նշանակվել Ռադի Աբրահամյանը
Այսօր տեղի է ունեցել Ստեփանակերտի համայնքի ավագանու նիստը` քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նախագահությամբ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամլո ծառայության փոխանցմամբ՝ ողջունելով նիստի մասնակիցներին` Դավիթ Սարգսյանը նշեց, որ ներկայացված օրակարգում նոր հարց է ներառվել` իր կողմից քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին:
Քաղաքապետի նոր տեղակալը քաջածանոթ է քաղաքային իշխանությունների գործունեությանն ու քաղաքի խնդիրներին: Նա համայնքի ավագանու անդամ Ռադի Աբրահամյանն է, ով մինչ այսօր զբաղեցրել է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ փոխտնօրենի պաշտոնը: Եվ քանի որ ավագանու անդամի ու քաղաքապետի տեղակալի պաշտոնները անհամատեղելի են, նա հրաժարվել է առաջինի լիազորություններից: Նիստի ներկաները շնորհավորելով և բեղմնավոր աշխատանք մաղթելով նորանշանակ փոխքաղաքապետին` քննարկեցին օրակարգային հարցերը:
Այսպիսով, որոշվեց Նելսոն Ստեփանյան փողոցի N 25/10 հասցեում գտնվող Ստեփանակերտի քաղաքային համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի սահմանները վերաճշտել և «Վան» արտադրական կոոպերատիվին ուղղակի վաճառքի կարգով հողամաս օտարել:
Նաև որոշվեց, Ս. Ի. դիմումի համաձայն, նրան ուղղակի վաճառքի կարգով հողամաս և շինություն օտարել: Օրակարգային մյուս հարցերի վերաբերյալ ևս որոշումներ կայացվեցին:
Մասանվորապես, դրանք վերաբերում են ոչ բնակելի տարածքները վարձակալության իրավունքով տրամադրելուն և Ստեփանակերտի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող ոչ բնակելի տարածքներն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն:
Նաև ավագանին որոշեց մերժել (բնակտարածքով ապահովված լինելու հիմքով) առանց ծնողական խնամքի մնացած Ն. Միրզոյանին` որպես բնակարանի կարիք ունեցող անձ, հաշվառման հերթում ընդգրկվելու մասին դիմումը`, իսկ ահա համայնքի սեփականություն հանդիսացող Մ. Գոշ փողոցի N 2 շենքի N 12 բնակարանը նվիրատվության կարգով օտարելու մասին որոշումն ընդունվեց:
Անդրադառնալով համաքաղաքային խնդիրներին` քաղաքապետ Դավիթ Սարգսյանը ներկայացրեց վերջերս քաղաքաշինության նախարարի հետ ունեցած հանդիպման մանրամասները` Ստեփանակերտում մի շարք լայնածավալ քաղաքաշինական ծրագրերի վերաբերյալ:
Նա նաև հորդորեց ավագանու անդամներին` ավելի հետևողական լինել համաքաղաքացիներին հուզող հարցերի վերհանման, դրանց լուծման գործում և խնդրեց նրանց ներգրավվել համաճարակի դեմ պայքարի աշխատանքներում:
Ի դեպ, նիստի մասնակիցները պահպանում էին բոլոր սանիտարահիգիենիկ նորմերը` կրելով դիմակներ ու պահպանելով սոցիալական հեռավորություն: