«Աուդիտորական անկախ կազմակերպությունը եզրակացություն է տվել՝ մեր ֆինանսական հաշվետվությունները համապատասխանում են իրականությանը». Վարուժան Ավետիքյան
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն իրեն դատի է տվել:
«Կառավարության անդամ պաշտպանության նախարարի կողմից ղեկավարվող պետական հիմնադրամը դատի է տվել ինձ զինծառայողների սոցապահովության հիմնադրամ չփոխանցվող միլիարդավոր դրամների վերաբերյալ իմ պատգամավորական հետաքննության ու խնդիրն անդադար բարձրաձայնելու համար։
Անշուշտ, հանրության համար վաղուց ամեն բան պարզ է։ Ուրեմն՝ իմ դեմ դատական հայցով նրանք սարսափելի հարվածեցին իրենց իսկ վարչապետին և դե ֆակտո դատի են տվել նաև Փաշինյանին, որովհետև հենց վարչապետի ինձ փոխանցված փաստաթղթում է գրված, որ «այս պահի դրությամբ հիմնադրամի նկատմամբ առկա է 1 900 000 000 դրամի չկատարված պարտավորություն»: Իսկ եթե սա իշխանության պատվերն է կոռուպցիայի դեմ պայքարում ու երկրի զարգացման գործում նրանց օգնել ցանկացող պատգամավորի նկատմամբ, ապա՝ առաջ Աստված, դուք ինքներդ եք ձևավորում ձեր այլընտրանքը ժողովրդի համար: Սկսեցի՜նք, դե հարձակվե՜ք։ Կհանդիպենք օգոստոսի 1-ին Սոցիալական շարժման խոստացված հանրահավաքին։ Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, բայց, ի տարբերություն, երբեք չեմ խաբում բոլորիդ, ի դեպ, արդեն 10 տարուց ավել»,- գրել է նա:
168.am-ի հետ զրույցում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը հաստատեց այս հայտարարությունը:
«Դատի ենք տվել, որովհետև պարոն Ուրիխանյանը հայտարարություն էր արել, որ գումար է կորել, գումարները չկան, այնինչ աուդիտորական անկախ կազմակերպությունն աուդիտային ստուգում է իրականացրել և եզրակացություն է տվել, որ մեր ֆինանսական հաշվետվությունները համապատասխանում են իրականությանը: Եվ մենք կարծում ենք, որ այդ հայտարարությունն իր բնույթով զրպարտչական է, և այդ առումով խնդրել ենք՝ եթե դատարանը գտնի, որ իսկապես պարոն Ուրիխանյանը զրպարտել է հիմնադրամին, ապա նա պետք է ներողություն խնդրի և այսուհետ ձեռնպահ մնա նման հայտարարություններ անելուց»,- նշեց Ավետիքյանը:
Հարցին՝ արդյոք կա՞ փոխհատուցման պահանջ, և եթե այո, ի՞նչ չափի մասին է խոսքը, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենը պատասխանեց՝ 1000 դրամ։
Լրացմանը, որ Տիգրան Ուրիխանյանը պնդում է, որ վարչապետի կողմից իրեն փոխանցված փաստաթղթում է գրված՝ «այս պահի դրությամբ հիմնադրամի նկատմամբ առկա է 1 900 000 000 դրամի չկատարված պարտավորություն», Վարուժան Ավետիքյանն ասաց, որ վարչապետի հետ որևէ կապ չունի, Ուրիխանյանն է հայտարարություն արել, դրա համար էլ հայցադիմում են ներկայացրել նրա դեմ:
Հիշեցնենք, որ դեռ մարտին էր 168.am-ի հետ զրույցում հերքել գումարների պակասի մասին լուրերը:
«Գումարի պակաս չկա, դա չի համապատասխանում իրականությանը»,- ասել էր նա:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հավելել էր, որ «նման քրեական գործ չկա իրենց հսկողության ներքո»՝ հերքելով տեղեկությունները, թե գործը հասել է Դատախազություն: