Բաժիններ՝

Հայաստանից Արցախ հնարավոր կլինի գնալ միայն COVID-19 թեստի բացասական արդյունքը ձեռքին. Արայիկ Հարությունյան

«Համարյա ամեն օր 500, 600 մարդ ելումուտ ունի Արցախ Հայաստանից, և եթե Հայաստանի վիճակագրական թվերին նայենք և հավանականությունների տեսությանը, մենք ամեն օր հաստատ Արցախ թույլատրում ենք մուտք գործել նաև այնպիսի քաղաքացիների, որոնք վարակակիր են, որոնք հավանական աղբյուր կարող են հանդիսանալ տարածման, իսկ այդ ամենը վերահսկել շատ դժվար է»,- այսօր առավոտյան հայտնեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ  նշված  հանգամանքը հաշվի առնելով՝ այսօր Արցախի Հանրապետության պարետատանը ծանր հանձնարարական է տալու, որը պետք է կյանքի կոչել:

«Դա լինելու է այն, որ սահմանը հատել՝ միմիայն ձեռքին ունենալով COVID-19 տեսակի բացասական արդյունք, այսինքն՝ հետազոտվել, հետո գալ: Բոլորի համար սա պիտի անխտիր պայման լինի»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Նախագահ Հարությունյանն ասաց նաև, որ  անցակետերերը փորձելու են ապահովել արագ թեստերով, որպեսզի  անհրաժեշտության դեպքում քաղաքացիներն անցակետերում թեստ հանձնեն, սպասեն 15-20 րոպե, այնուհետև՝ բացասական պատասխանի դեպքում, կարողանան մտնել Արցախ: Նշված բոլոր հանձնարարականների և գործողությունների նպատակն է՝ հնարավորինս նվազեցնել մարդկանց մուտքը Հայաստանից Արցախ՝ մինչև ՀՀ-ում վարակակիրների ու վիրուսի տարածման անկում կնկատվի: Հարությունյանը նաև հայտնեց, որ փորձելու են հենց անցակետերում քաղաքացիներին տրամադրել պարետի սահմանած կանոնների և ցուցումների թերթիկ, որպեսզի մարդիկ ծանոնթանան և պահպանեն դրանք:

«Ի դեպ, նշեմ, որ Պաշտպանության բանակն արդեն վաղուց օգտագործում է  այդ պրակտիկան, և ՊԲ հրամանատարի հետ մի քանի րոպե առաջ հանդիպման ժամանակ նա հայտնեց, որ, եթե այսօր կարողացել են բանակը զերծ պահել վարակման երևույթից, հաջողվել է հենց դրա արդյունքում»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ այն սպաները, որոնք այս ընթացքում Արցախից եկել են Հայաստան, հետ գնալուց անպայման անցել են հետազոտություն շարժական լաբորատորիայում:

Այս կանոնի հետ զուգահեռ՝ մտադիր են նաև առաջիկայում  Արցախում ևս պարտադիր դիմակ կրելը պարտադիր դարձնել:

«Հայաստանի փորձը հաշվի առնելով՝ նպատակահարմար եմ գտնում դիմակ կրելը դարձնել պարտադիր: Դիմակների պարտադիր դարձնելը չեմ ասում՝ այսօր, վաղը, բայց  այն պետք է փուլ առ փուլ, սկզբից՝ ընտրովի, հետո՝ ամբողջությամբ, եթե զգանք դրա անհրաժեշտությունը, որովհետև նաև ԱՀԿ-ի խորհուրդն էլ է այդպիսին, որ մենք պետք է դիմակը դարձնենք պարտադիր, որը ևս նվազեցնելու է տարածման ռիսկը»,- ասաց Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ առաջիկայում պարետատան հանդիպման ժամանակ կարվեն քննարկումներ ու կտեղեկացնեն դիմակներ կրելու վերաբերյալ մանրամասները:

Այս ամենին զուգահեռ՝ Արցախի նախագահը  հրահանգել է որոշակի վերահսկողություն սահմանել հուղարկավորությունների ժամանակ:

«Եթե մենք չխստացնենք, մենք ունենալու ենք շատ թաղումներ: Դրա համար քիչ թաղումներ ունենալու համար պետք է գոնե նման դեպքերում պահպանել կանոնները»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս