Բաժիններ՝

Այսօր մենք դրա պտուղները քաղում ենք. Փաշինյանը՝ կորոնավիրուսի վերաբերյալ միֆերի հետևանքի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ տարածվող այն լուրերը, թե իբր կորոնավիրուս չկա, այսօր արդեն, ամեն օր շատ առատ «պտուղներ» են տալիս: Փաշինյանն այս մասին ասաց պարետատան նիստից հետ առցանց ճեպազրույցում՝ պատասխանելով լրագրողի հարցին:

Լրագրողը նկատել էր, որ անցյալ երկու ամսում կորոնավիրուսի մասին տեղեկություններն ու գիտելիքերն էապես ավելացել են: Նա հետաքրքրվել էր՝ եթե այդ նույն տեղեկությունները լինեին մարտին, նույն կերպ կգործե՞ր կառավարությունը:

«Վերջին շրջանում ես ավելի շատ տեղեկություններով հարստացել եմ կորոնավիրուսի վերաբերյալ մեր հանրության վերաբերմունքի մասին: Ես չէի կարող մտածել, որ մեր երկրում կարող է այսքան հորդորներից, այսքան միջոցառումներից լինի լուր և տարածվի, թե կորոնավիրուս չկա: Այսօր մենք այդ լուրի «պտուղները» քաղում ենք, ամեն օր շատ առատ «բերք» ենք հավաքում՝ այդ լուրերից, թե կորոնավիրուս չկա, սուտ է այս ամեն ինչը, իբր սարքած է, կառավարությունը թվեր է հրապարակում, որ օգնություն ուզի: Թե չէ մեր կառավարությունն էլ այդպես օգնություն ուզող կառավարութու՞ն է, եթե օգնության կարիքը չլինի»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց՝ իհարկե կորոնավիրուսի մասին շատ բաներ նոր են իմացել: Վարչապետի խոսքով՝ կառավարության համար ավելի օգտակար կլիներ հասարակության այս վերաբերմունքի մասին տեղեկությունն ավելի շուտ իմանալ: «Չնայած, ավելի շուտ իմանայինք, այդ ժամանակ այս նույն խոսակցությունը պետք է վարեինք: Եթե այս խոսակցությունն արդյունք կտար, ապա այս խոսակցությունն արդյունք կտա նաև հիմա: Մենք դժոխք մտել ենք, բայց դեռ հումանիտար աղետի չենք հասել: Մենք կարող ենք այդ դժոխքի միջով անցնել և պետք է անցնենք՝ բայց առանց հումանիտար աղետի»,-եզրափակեց վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս