107 մլն եվրո արժեքով ծրագիրը կիրականացվի մեկ անձից գնման ընթացակարգով

Կառավարությունը հունիսի 5-ի նիստում հերթական անգամ չզեկուցվող հարցերից  մեկով ընդունել է որոշում հերթական անգամ մեկ անձից կատարվող գնման գործընթացի վերաբերյալ։

Խոսքն այս դեպքում վերաբերում է Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման նպատակով Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարածքներում անտառհատման և անտառապատման աշխատանքներ իրականացնելու համար մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթացներ կազմակերպելուն։

Հիշեցնենք, որ դեռևս 2006թ. մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարարների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, ըստ որի՝ 2006թ. իրանական «Սանիր» (SUNIR) ընկերության և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի միջև կնքվել է Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի և համապատասխան ենթակայանի նախագծման, մշակման, ձեռքբերման, մատակարարման և շինարարության համար պայմանագիր: Ծրագրի արժեքը կազմել է 107,9 մլն եվրո:

Ծրագրի իրականացման համար դեռևս 2017 թվականին հայտարարվել է գնման գործընթաց, ընտրված մասնակցի հետ 2017թ. կնքվել է պայմանագիր, սակայն աշխատանքները կատարվել են մասնակի, ինչի հետևանքով պայմանագիրը խզվել է։

Եվ հիմա, ըստ կառավարության հունիսի 5-ի որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագրի ավարտը նախատեսվում է 2020 թվականի դեկտեմբերի 31-ին, անհրաժեշտություն է առաջացել հնարավոր սեղմ ժամկետում իրականացնել էլեկտրահաղորդման օդային գծի՝ անտառային տարածքներում տեղակայվող հենարանների և դրանց մոտեցման ճանապարհների շինարարական աշխատանքները:

Այդ նպատակով կառավարությունը որոշել է չհայտարարել գնման գործընթաց և ծրագիրն իրականացնել մեկ անձից գնման գործընթացով։

Ըստ կառավարության ընդունած նախագծի հիմնավորման՝ ծրագրի իրականացումը հնարավորություն կտա երկու երկրների էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը հասցնել 1200 ՄՎտ-ի, որը միաժամանակ կբարձրացնի էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը և ՀՀ էներգետիկ անվտանգության մակարդակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930