«Հայրենիք» կուսակցությունը պահանջում է չեղարկել ժողովրդի հարկային բեռն ավելացնող  խայտառակ նախագիծը

Հունիսի 4-ին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ կայացել է կուսակցության խորհրդի առաջին նիստը։ Քննարկվել են հասարակական-քաղաքական օրակարգին, կուսակցության տարածքային կառույցների ձեւավորման եւ դրանց աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր։ «Հայրենիք» կուսակցության խորհուրդն ընդունել է հայտարարություն, որով դատապարտում է կառավարության հերթական չհաշվարկված գործողությունը և պահանջում է հետ կանչել Հայաստանի քաղաքացիների հարկային բեռն ավելացնող խայտառակ նախագիծը։

Հայտարարություն

Հայաստանի Հանրապետությունում առկա խորը ճգնաժամի պայմաններում, Կառավարությունը հանդես է եկել հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու նախաձեռնությամբ, համաձայն որի՝ առաջարկվում է փոփոխել գույքահարկի հաշվարկման սկզբունքը՝ մոտարկելով անշարժ գույքի կադաստրային եւ շուկայական արժեքները: Օրենսդրական փոփոխության արդյունքում տեղական ինքնակառավարման մարմինների եկամուտներն ավելանալու են ավելի քան չորս անգամ, ինչը փաստացի նշանակում է քաղաքացիների ֆինանսական բեռի զգալի աճ:

Ներկա փուլում, երբ կորոնավիրուսի համավարակի արդյունքում և Նիկոլ Փաշինյանի կառավարության ապաշնորհ գործողությունների հետևանքով պետությունը հայտնվել է առողջապահական, տնտեսական, սոցիալական ճգնաժամում, երբ փաստացի կրճատվում են տասնյակ հազարավոր աշխատատեղեր, նվազում է քաղաքացիների եկամուտները և խնայողությունները, երբ առկա է անորոշություն զգացում վաղվա օրվա հանդեպ, «Հայրենիք» կուսակցությունը ժամանակավրեպ և անընդունելի է համարում նման գործելաոճը եւ պահանջում է կառավարությունից զերծ մնալ հարկային օրենսգրքում վերոնշյալ փոփոխությունները կատարելուց, մեր քաղաքացիների ֆինանսական և սոցիալական վիճակն էլ ավելի վատթարացնելու քաղաքականությունից:

Հիշատակված փոփոխությունները բացասաբար են անդրադառնալու ոչ միայն մեր քաղաքացիների վրա, այլ նաև նվազեցնելու են Հայաստանի գրավչությունը հնարավոր հայրենադարձների եւ օտարերկրյա ներդրողների համար, հանգեցնելու են անշարժ գույքի շուկայի էլ ավելի խորը կոլապսի։

Տեսանյութեր

Լրահոս