«Կրտսեր բուժաշխատողները, նախկին ռեժիմի համեմատ, ընդամենը 2000 դրամ են ավել ստանում». «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ աշխատակցի անանուն ահազանգը
168.am-ին տեղեկություն են փոխանցել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, որը դեռ ապրիլ ամսից վերապրոֆիլավորվել է միայն կորոնավիրուսով պացիենտների բուժման համար, աշխատակիցներն ունեն գերծանրաբեռնված գրաֆիկ, սակայն աշխատավարձերը շարունակում են մնալ ցածր:
«Մասիվի հիվանդանոցի նոր տնօրենը հայտարարեց, որ բուժաշխատողները եռակի ավելի են վճարվում, բայց կրտսեր բուժաշխատողները՝ նախկին ռեժիմի համեմատ, ընդամենը 2000 դրամ են ավել ստանում, իսկ գործն ահավոր լարված է ու բարդ»,- տեղեկացրեց մեր աղբյուրը՝ հավելելով, որ միայն ապրիլ ամսին են բարձր պարգևավճարներ ստացել՝ «Գրանդ Քենդիի» կողմից:
Հիշեցնենք, նմանատիպ տեղեկություններ 168.am-ին փոխանցել էին նաև Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի բուժանձնակազմից. այն հաստատել էին մի քանի բժիշկներ:
Ի դեպ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի աշխատակցի խոսքերով՝ հիվանդանոցում խոսակցություններ են տարածվել, որ բժշկական կենտրոնը պատրաստվում են մասնավորեցնել և վաճառել, այդ պատճառով մեծածավալ շինարարություններ են ընթանում՝ փոխարենն իրենց հավելավճարներ տալու:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի խոսնակ Ծովինար Խաչատրյանը չհերքեց շինարարություն իրականացնելու լուրը. «Այո, շինարարություն իրականացվում է, բայց որևէ բանը որևէ բանի հաշվին չի արվում»:
Նա հավելեց, որ վաճառքի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Իսկ լուրերին, թե աշխատակիցները դուրս են գալիս, հավելավճարներ քիչ են ստանում, արձագանքեց. «Վճարվում են ժամանակին և վճարվում են այն սանդղակով, որը հիմա նախատեսված է»:
«Ի պատասխան Ձեր նշած բոլոր տեղեկությունների՝ հայտնում ենք, որ սովորաբար չենք պատասխանում անանուն աղբյուրներին, բայց քանի որ այս հայտարարությունները կարող են խուճապ առաջացնել, հարկ ենք համարում նշել, որ դրանք իրականությունից հեռու հայտարարություններ են»,- եզրափակեց բ/կ մամուլի խոսնակը:
Հիվանդանոցը մասնավորեցնելու լուրերը հերքեց նաև Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Հարցին՝ իսկ շինարարություններն ինչո՞ւ են արվում՝ պատասխանեց.
«Այս պահին կոնկրետ մահճակալային ֆոնդ է ավելացվում»:
Ուշագրավ է սակայն, որ թեև բազմաթիվ պաշտոնական հաստատումների, թե աշխատակիցները ստանում են անհրաժեշտ չափով հավելավճարներ, չեն դադարում բուժաշխատողների ահազանգերը՝ հակառակի մասին: