
«Ինչո՞ւ պետք է մեկ անձից արված գնումներն այդքան մեծ թիվ կազմեն՝ 125 մլն դրամ». Սերգեյ Բագրատյանը՝ Ատոմ Ջանջուղազյանին

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է 2019 թվականի պետական բյուջեի տարեկան կատարողականը:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ 2019 թվականի պետական պարտքի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելուց հետո, ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը պետական գնումների մասին նախարարին հարց ուղղեց:
«Ձեր հաշվետվության մեջ նշեցիք, որ 125 մլն դրամի մեկ անձից է գնումներ կատարվել: Քաղաքացին, այդ թվում՝ ընդդիմությունը, լեգալ իրավունք ունեն հարցնելու՝ ինչո՞ւ են այդպիսի թվեր հրապարակված, ինչո՞ւ պետք է մեկ անձից արված գնումներն այդքան մեծ թիվ կազմեն: Լեգալ իրավունք ունենք կասկածելու, որ այս թվերի մեջ ռիսկեր, վտանգներ կան, չի բացառվում, որ կոռուպցիա լինի, բայց սա չի նշանակում, որ այդ կոռուպցիան կարող է վերաբերել կոնկրետ Ձեզ: Ինձ մոտ տպավորություն կա, որ Ձեզ մոտ դեռևս ընդդիմադիրն է նստած, և Դուք զարմանում եք, թե ընդդիմությանն ինչպես կարելի է քննադատել, մենք այլևս իշխանությանն ենք քննադատում, Դուք իշխանություն եք»,- ասաց Սերգեյ Բագրատյանը:
Պատասխանելով պատգամավորի բարձրացրած հարցին՝ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ ավելացնելու շատ բան չունի, ավելին՝ պարզ է, որ ընդդիմությունը պետք է քննադատի:
«Գնումները ներկայացնելիս ես չհերքեցի, որ ինքներս մեզ համար, որպես օրակարգային հարց, տեսնում ենք փողի դիմաց առավելագույն արժեք ստանալ՝ առավելագույն կիրառությամբ գնումների համակարգում: Ասեմ Ձեզ, որ ինքներս մեզ ավելի դաժանորեն ենք քննադատում, հետևաբար՝ մենք ինքներս մեզ համար նման խնդիր ձևակերպել ենք: Որ ասում եք՝ կարող է կոռուպցիոն ռիսկեր լինեն, իհարկե կարող են լինել, որովհետև ոչ մեկը չգիտի, թե ինչ է տեղի ունենում, երբ այս պահին մենք այստեղ ենք, մեկ այլ տեղում ինչ է տեղի ունենում: Այդ պատճառով էլ կան համակարգ կամ համակարգեր, որոնց խնդիրն է՝ բացահայտել այդ ամեն ինչը և ըստ դրա վերաբերմունք արտահայտել»,- նշեց Ֆինանսների նախարարը:
Արձագանքելով՝ Սերգեյ Բագրատյանն ասաց, որ այդ ամենը հաշվի առնելով՝ բազմիցս ասել է, որ պետք է գնումների այժմյան համակարգը փոխվի: