
«Այդ կոչերն ակտիվորեն քննարկում են նաև Ադրբեջանի խորհրդարանում, որոշ պատգամավորներ կոչ են անում օր առաջ վերսկսել ռազմական գործողություններ». Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ վերջին շրջանում ակտիվացել են Ադրբեջանից հնչեցվող պատերազմի կոչերը՝ երկրի նախագահի և պաշտպանության նախարարի կողմից:
«Իմ ուսումնասիրությունները թույլ են տալիս ասելու, որ այդ կոչերն ակտիվորեն քննարկում են նաև Ադրբեջանի խորհրդարանում, որոշ պատգամավորներ կոչ են անում օր առաջ վերսկսել ռազմական գործողություններ: Կարծում եմ՝ բոլոր ռիսկերով հանդերձ՝ այս ամենը ներքին պրոցեսների արդյունք է և ներքին լսարանին ուղղված կոչեր են: Հետևաբար՝ չեմ կարծում, որ այս պահին Ադրբեջանը կարող է գնալ նման արկածախնդրության»,- այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց պատգամավորը:
Ըստ նրա՝ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների այդ կոչերը հայկական կողմն անպատասխան չի թողնելու, ինչպես ԱԺ-ի դահլիճից հայտարարել էր «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը, այնպես էլ իշխանական պատգամավորը՝ Արտգործնախարարության հետ, աշխատում են կոչերն անարձագանք չթողնելու ուղղությամբ: Ցանկացած զարգացման դեպքում, եթե տարածաշրջանում պատերազմ լինի, որի հետևանքներն Ադրբեջանն առաջինն է իր վրա կրելու։ Միջազգային հանրության լռությունն էլ կարող է խրախուսել Ադրբեջանի նման գործողությունները:
«Այս համատեքստում, իսկապես վտանգավոր եմ համարում այն կոչերը, որում կոչ են անում Ադրբեջանին օր առաջ հարձակվել Հայաստանի վրա, ինձ համար աբսուրդի է հասնում, որովհետև երկրի վիճակն այնպիսին չէ, որ մենք կարող ենք մեզ թույլ տալ նման թշնամական կերպով դիրքավորվել սեփական երկրի հանդեպ»,- շեշտեց Տաթևիկ Հայրապետյանը:
Խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Գայանե Աբրահամյանը, անդրադարձավ վարչապետի կողմից ֆեյսբուքյան էջում լուսանկարների հրապարակումներին, որով վարչապետը ցույց է տալիս հակաճգնաժամային կանոնները խախտողներին:
Ըստ պատգամավորի՝ վարչապետն էլ է ասել, որ այդ ամենը որևէ մեկին պախարակելու համար չի արվում, այլ պարզապես ֆիքսում է տվալ իրավիճակը, թե ինչպիսի խախտումներ են տեղի ունենում:
«Չկան խախտումներ, անձնական տվյալների խախտումներ ևս չկան, և սա հստակ է»,- հավելեց պատգամավորը: