«Այդ ամենը բացահայտ սուտ է. Բակո Սահակյանի հետ զրույցի պլանավորման գործընթացը տեղի է ունեցել առանց մեր գիտության». Գևորգ Գորգիսյանը՝ Անդրանիկ Քոչարյանին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին՝ նշելով, որ հանձնաժողովի աշխատանքներն ընդհանուր առմամբ անցել են կառուցողական:
Միևնույն ժամանակ նա ասաց, որ այդ ամենով հանդերձ՝ իր իշխանական գործընկերները կարծես թե վերջում փոխել են իրենց մոտեցումները:
«Հայտնի պատճառներով մենք երկու նիստ բաց ենք թողել: Իհարկե, հետո բոլոր ձայնագրություններին ու նյութերին ծանոթացել ենք, բայց, չգիտես ինչու, Անդրանիկ Քոչարյանը, երբ միայնակ կամ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ փորձում էր ամփոփել հանձնաժողովի աշխատանքները, առանց ներգրավվելու ընդդիմության որևէ ներկայացուցչի՝ նշեց, որ մենք այլևս հետաքրքրված չենք մասնակցելու աշխատանքներին: Ասեմ, որ այդ ամենը բացահայտ սուտ է, հայտնի դեպքերից հետո, երբ մենք վերադարձանք աշխատանքի, մասնակցել ենք նիստերին, որի ժամանակ քննարկել ենք առաջիկայում նաև Բակո Սահակյանի հետ ունենալու զրույց: Այդ զրույցի պլանավորման և անցկացման գործընթացը տեղի է ունեցել առանց մեր գիտության և ներգրավման, ինչը միանշանակ գործընկերային ու կառուցողական մոտեցում չէ»,- նշեց Գ. Գորգիսյանը:
Ըստ նրա՝ այն բանից հետո, երբ բազմաթիվ լրագրողներ զանգահարել և հետաքրքրվել են, թե Բակո Սահակյանի մասնակցության նիստ եղե՞լ է, միայն դրանից հետո է Անդրանիկ Քոչարյանն իրենց ներկայացրել հարցաշարը, որը տրվել է Բ. Սահակյանին:
Նրա խոսքով՝ սա առաջին դեպքն է, երբ ընդդիմությունը չի մասնակցել հարցաշարի կազմելուն:
«Այսքանից հետո կարող եմ արձանագրել, որ հանձնաժողովի սկզբի աշխատանքները, թերևս, եղել են կառուցողական, բայց այսուհետ ես ունեմ մտահոգություններ, որ փորձում են լռեցնել ընդդիմության ձայնը՝ զեկույցը կազմելիս: Ես պետք է հիասթափեցնեմ պարոն Քոչարյանին և նրանց, որոնք նրան դրդում են այդ քայլերին, որ նման բան չի լինելու, և ընդդիմությունն ամբողջ ծավալով շարունակում է ներգրավված մնալ այդ կարևորագույն խնդրի բոլոր հարցադրումները բարձրաձայնելիս»,- ընդգծեց Գևորգ Գորգիսյանը: