«Ե­րե­խա­նե­րի հոգեբանությունը խա­ղա­լիք չէ. այդ հարցում շտա­պել չի կարելի». Սեքսոպաթոլոգ

«Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիային, որը հայտնի է նաև Լանզարոտեի կոնվենցիա անունով, վերջերս անդրադարձել է նաև Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան՝ ներկայացնելով իր դիտարկումներն ու առաջարկները։ Հայաստանի Սեքսոլոգների Ասոցիացիայի անդամ, սեքսոպաթոլոգ, բ.գ.թ., դոցենտ Վրեժ Շահրամանյանի հետ զրուցել ենք վիճահարույց կետերի, առաջարկների և հարակից այլ հարցերի շուրջ։

Պարո՛ն Շահրամանյան, որո՞նք են կոնվենցիայի վիճահարույց կետերը։

– Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան ողջունում է Կոնվենցիայի նպատակները և միաժամանակ փաստում, որ ուսումնական ծրագրերում դրա որոշ դրույթների կիրառման վերաբերյալ կան մտահոգություններ։

Վիճահարույց է հատկապես 6-րդ հոդվածի («Երեխաների կրթությունը») հետևյալ մեջբերումը. «Յուրաքանչյուր կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ, ապահովելու համար, որ երեխաները տարրական և միջնակարգ կրթության ընթացքում ստանան սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինչպես նաև ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ, որոնք հարմարեցված են նրանց զարգացող կարողություններին»:

Եթե 6-րդ հոդվածում գրված լիներ` «…ստանան սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինչպես նաև ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ, որոնք հարմարեցված են նրանց ընկալման, իմացական ու ֆիզիկական զարգացող կարողություններին», կարելի էր հասկանալ, որ զարգացող կարողություններին հարմարեցված լինելը վերաբերում է ոչ միայն ինքնապաշտպանության միջոցների, այլ նաև սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների մասին տեղեկություններին:

Մինչդեռ Լանզարոտեի կոնվենցիայի 6-րդ հոդվածի վերը մեջբերված հատվածի առկա շարադրանքի պարագայում, որում նշված չէ երեխայի զարգացող կարողությունների բնույթի վերաբերյալ որևէ տեղեկություն, հասկանալի չէ, թե խոսքը զարգացող ո՞ր կարողությունների մասին է: Երեխաներին,  6 տարեկանից սկսած, կարող են տրվել սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների մասին նաև այնպիսի տեղեկություններ, որոնք հարմարեցված չեն նրանց զարգացող կարողություններին:

Ա­վե­լին՝ նույն դա­սա­րա­նում սո­վո­րող երեխա­նե­րը վե­րոն­շյա­լի ա­ռու­մով տարբեր կարողություն­ներ ու­նեն, այդ կա­րո­ղու­թյուն­նե­րը և նրանց ընկալումնե­րը շատ անհատական են:

– Լանզարոտեի կոնվենցիա-ի հիմքում կարծես թե ընկած է երեխաներին տարրական և միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ սեռական շահագործման և սեռական բռնության հետ կապված վտանգների մասին տեղեկացնելը։ Ընդհանրապես ո՞ր տարիքից է ավելի նպաստավոր, որպեսզի խոսեն երեխաների հետ։ Արդյո՞ք սխալ ընտրված  տարիքն ու դասավանդողը չեն տա հակառակ արդյունք։

– Հաջորդ մտահոգությունն էլ հենց դա է. սեռական շահագործման ու սեռական բռնությունների մասին տեղեկությունները երեխաներին մատուցելիս ինչպիսի մեթոդաբանություն է կիրառվելու: Որոշ երկրներում կիրառվող «սեռական կրթություն երեխաներին տալու և ամեն ինչ մանրակրկիտ բացատրելու (սեռական օրգաններ, սեռական հարաբերություններ, սեռական բռնություն, սեռական շահագործում և այլն) մեթոդաբանությունն անընդունելի է, քանի որ այն ընդհանրապես չի կարող համապատասխանել տարրական և միջնակարգ կրթություն ստացող աշակերտների զարգացող կարողություններին:

Պետք է հաշվի առնել տարիքային գործոնը, որ անչափ կարևոր է։ Երեխայի զարգացումը երբեք ուղղագծային չէ, այն ունի իր տատանումները, զգայուն շրջանները, հոգեսեռական զարգացման տարիքային առանձնահատկությունները: Այդ տարիքում երեխան դեռ պատրաստ չէ նմանատիպ ինֆորմացիա յուրացնելու։ Բացի այդ, սեռական ոլորտի թեմաներից կարող է խոսել  միայն այն մասնագետը, որն ունի համապատասխան որակավորում և մասնագիտացում։ Հակառակ դեպքում, հոնքը շտկելու փոխարեն՝ աչքն է վնասվելու։ Չմտածված քայլերի, այդ տեսակի և որակի անառողջ «լուսաբանումների» հետևանքով կարող է խաթարվել երեխայի հոգեսեռական զարգացումը՝  վաղաժամ և անառողջ սեռական հետաքրքրությունների տեսքով։

– Ասում են, որ Եվրոպայից գալու են տեղի մասնագետներին վերապատրաստելու, որպեսզի համապատասխան դասերն անցկացվեն։ Ո՞ր մասնագետը պետք է և կարող է վերապատրաստվել ու այդ արտաժամյա դասերին երեխաներին նորմալ հասցնել ինֆորմացիան։ Կադրերի խնդիր չի՞ առաջանա։

– Կարևոր հարց է, թե ի՞նչ որակավորում կամ վերապատրաստման ի՞նչ դասընթաց անցած անձինք են դպրոցներում թեման մատուցելու։ Ար­դյո՞ք մենք ու­նենք այդ­քան բարձր որակավոր­ման մաս­նա­գետ­ներ։ Ովքե՞ր են իրագործելու այդ դասընթացները։ Եվ ամենակարևորը՝ ինչպե՞ս։ Ո՞ւմ հետ ենք խո­սե­լու` ան­հա­տի՞, թե՞ դա­սա­րա­նի հետ։

Երեխաներին սեռական բռնությունից ապահովագրելը, իհարկե, բարի միտում ունի: Բայց ցանկացած բարի միտում սխա՛լ մատուցման դեպքում ու սխա՛լ մարդկանց ձեռքում կարող է լրջորեն վնասել՝ հետագայում հանգեցնելով այլևայլ սեռական շեղումների: Ե­րե­խա­նե­րի հոգեբանությունը խա­ղա­լիք չէ, և այդ հարցում շտա­պել չի կարելի։

– Ի՞նչ է առաջարկում ասոցիացիան։

– Հաշվի առնելով վերոնշյալը՝ Ասոցիացիան առաջարկում է ծրագրի մշակման նախնական փուլում անպայման կազմակերպել մասնագիտական քննարկումներ՝ ընդգրկելով փորձառու մասնագետների (մանկավարժ, սեքսոպաթոլոգ, հոգեբան, հոգեթերապևտ, իրավաբան և այլն)։
Գրականության պատրաստման ժամանակ չընդօրինակել, չթարգմանել  արտասահմանյան ձեռնարկները։ Փոխարենը՝  ստեղծել ուսումնական, ուսումնամեթոդական ձեռնարկներ համապատասխան մասնագետների մասնակցությամբ՝ հաշվի առնելով տեղայնացման առանձնահատկությունները, կրթական ծրագրերում խուսափել օգտագործել «կողմնորոշում» հասկացությունը, քանի որ երեխայի սեռական բռնության կանխարգելման համատեքստում կողմնորոշումը նշանակություն չունի։

Արդյունավետ կլինի կրթական ծրագրերը սկսել հենց ծնողական համայնքից ու արդեն գիտակից ու ձևավորված անձին զինել համապատասխան գիտելիքներով, որպեսզի ծնողը որոշի տրամադրվող տեղեկության ծավալն ու անհրաժեշտությունը:
ՀՀ ԿԳՄՍՆ-ին, ԱՆ-ին և ՀՀ Ազգային ժողովին (նախագահությանն ու ԱԺ մշտական ​​հանձնաժողովներին) առաջարկում ենք, որ այսուհետ ԱԺ-ի կողմից ընդունվող կամ վավերացվող օրենք և/կամ կոնվենցիա, որը կապ կունենա մարդու սեռական ֆունկցիայի ու սեռական առողջության հետ, ստանա նաև Հայաստանի Սեքսոլոգների Ասոցիացիայի փորձագիտական ​​գնահատականը և դրանից բխող լրացումներ կամ առաջարկվող համապատասխան փոփոխություններ՝ տեղայնացման և արդյունավետ կիրառման նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս