«Այստեղ բոլորս դիմակով ենք նստած եղել, պետք է որ խնդիր չլինի». Լիլիթ Մակունցը՝ խորհրդարանում վարչապետի հետ շփումների մասին
«Նախորդ քառօրյային վարչապետը եղել է խորհրդարանում, ԱԺ աշխատակազմը և Առողջապահության նախարարությունը պետք է ասեն՝ խնդիր կա՞, թե՞ ոչ: Այստեղ բոլորս դիմակով ենք նստած եղել, կարծում եմ՝ պետք է որ խնդիր չլինի»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով վարչապետի և ընտանիքի կորոնավիրուսով վարակվելու լուրին:
Հիշեցնենք, որ առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետը հայտարարեց, որ կորոնավիրուսի հանձնած իր թեստի պատասխանը դրական է:
Լիլիթ Մակունցի խոսքով՝ խորհրդարանում բոլորը կրում են դիմակներ, եթե Առողջապահության նախարարությունը կարծում է, որ անհրաժեշտ է թեստ հանձնել՝ կհանձնեն:
Ինչ վերաբերում է ԱԺ նիստերը հեռավար անցկացնելու անհրաժեշտությանը, Լիլիթ Մակունցը նշեց, որ համավարակով պայմանավորված՝ սկսել են մտածել նաև նիստերը հեռավար կազմակերպելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունների շուրջ:
«Այս պահին քննարկում ենք, թե ինչպես կարելի է դա անել, քանի որ կան որոշակի խոչընդոտներ: Իհարկե, մենք որևէ կերպ չենք կանգնեցնելու աշխատանքը, շարունակելու ենք աշխատել: Այն պահին, երբ վարչապետը հայտարարեց այդ լուրը, կարծում եմ՝ դրանից հետո անհրաժեշտ բոլոր միջոցառումները կձեռնարկվեն՝ կոնտակտավորների հետ կապված: Մենք կանենք ամեն անհրաժեշտը, որպեսզի մեր աշխատանքները չխաթարվեն»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:
Լիլիթ Մակունցը լրագրողներին նաև հորդորեց որևէ կերպ խուճապ չտարածել:
Ինչ վերաբերում է կրկին սահմանափակումների անցնելու անհրաժեշտությանը, Լիլիթ Մակունցը նկատեց, որ դրա հետ կապված՝ պարետատունը պետք է անի անհրաժեշտ հայտարարություններ: