«Հետևություններ արվում են». Լիլիթ Մակունցը՝ «Իմ քայլը» խմբակցությունում տղամարդկանց կողմից կանանց վիրավորելու ավանդույթի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ երկու օր առաջ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ նիստերի դահլիճում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հասցեին հնչեցրած մեկնաբանության առնչությամբ արդեն ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տվել է պարզաբանում և ներողություն է խնդրել, ուստի, ըստ նրա՝ այդ թեման արդեն փակված է, քանի որ Ալեն Սիմոնյանն իրեն դրսևորել է արժանապատիվ կերպով:

«Ինչ վերաբերում է բառերի փոխհրաձգությանը, դրա հետ կապված՝ իմ գնահատականն արդեն հնչեցրել եմ»,- նշեց Լիլիթ Մակունցը:

Լրագրողների հիշեցմանը, որ «Իմ քայլը» խմբակցությունում տղամարդկանց կողմից կանանց վիրավորելը կարծես թե դարձել է ավանդույթ, քանի որ Անդրանիկ Քոչարյանը վիրավորել էր Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին, պատգամավոր Կարեն Սարուխանյանն էլ վիրավորել էր Սոֆյա Հովսեփյանին, Լիլիթ Մակունցն ասաց. «Խմբակցությունում նման դեպքերը քննարկվում են և դրանից արվում են հետևություններ»:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին ԱԺ նիստերի դահլիճում Ալեն Սիմոնյանն Անի Սամսոնյանին հորդորեց իր մասին քիչ խոսել, քանի որ, միևնույն է՝ չի պատասխանելու, բացի այդ, ինքը նաև ամուսնացած տղամարդ է, և ամեն ինչ կարող է սխալ հասկացվել: Դրանից հետո վիճաբանություն տեղի ունեցավ նրանց երկուսի և Էդմոն Մարուքյանի միջև:

Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպին, Լիլիթ Մակունցն ասաց՝ համոզված է, որ իրավական գործընթաց կսկսվի, իսկ դրա իրավական հետևանքների մասին պետք է խոսեն իրավապահ մարմինները:

Տեսանյութեր

Լրահոս