Բաժիններ՝

«Այս իրավիճակում շատ կարևոր է հատկապես հիվանդանոցների և հենց բուժաշխատողների պաշտպանության ապահովումն ու վարակից նրանց հնարավորինս զերծ պահելը». Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար զրույց է ունեցել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ:

Բարեկամական զրույցի ընթացքում Հայաստանի և Լիտվայի նախագահները տեղեկություններ են փոխանակել կորոնավիրուսի համավարակի հետ կապված երկու երկրներում տիրող իրավիճակի, վարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ: Առանձին անդրադարձ է եղել համավարակի տնտեսական հետևանքների հաղթահարմանն ուղղված միջոցառումներին:

Զրուցակիցները կարևորել են երկու երկրների համագործակցությունը համավարակի դեմ պայքարում: Այս համատեքստում նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Լիտվայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնությունը՝ որպես օժանդակություն կորոնավիրուսի համավարակի հաղթահարման գործընթացում: Նախագահ Սարգսյանը կարևորել է նաև Լիտվայի շարունակական աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերությանն՝ ընդգծելով ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցության նոր հնարավորությունները:

Արմեն Սարգսյանն ասել է, որ պարբերաբար հեռավար զրույցներ է ունենում իր գործընկերների՝ տարբեր երկրների նախագահների հետ՝ տեղեկանալու, թե ինչպիսի գործողություններ են ձեռնարկվում, և դրանցից հատկապես որոնք են առավել արդյունավետ: «Այս իրավիճակում շատ կարևոր է հատկապես հիվանդանոցների և հենց բուժաշխատողների պաշտպանության ապահովումն ու վարակից նրանց հնարավորինս զերծ պահելը: Կարևոր է նաև թույլ չտալ, որ վարակից բուժելու վայրերը դառնան վարակ տարածող վայրեր»,-նշել է նախագահ Սարգսյանը:

Նախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ համատեղ ջանքերով նպաստելու հայ-լիտվական հարաբերությունների զարգացմանն ու հետագա խորացմանը: Նրանք ընդգծել են, որ երկու երկրները համագործակցության լուրջ ներուժ ունեն ինչպես տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, այնպես էլ՝ կրթության ու մշակույթի ոլորտներում: Նշվել է, որ երկու բարեկամ երկրների արվեստն ու մշակույթը կապող յուրատեսակ խորհրդանիշ է Լիտվայում հայտնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը, որը երկու հանրահայտ օպերային երգիչների՝ Գեղամ Գրիգորյանի և Իռենա Միլկյավիչույտեի դուստրն է:

Զրուցակիցները պայմանավորվել են հետագայում ևս պարբերաբար տեղեկատվություն փոխանակել ինչպես համավարակով պայմանավորված իրավիճակի, այնպես էլ այլ հարցերի շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս