Փաշինյանի ֆեյսբուքյան «լայվերում» իրական մարդկանց խնդրանք-քոմենթներն անտեսվում են
Ապրիլի 19-ին՝ կիրակի օրը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ մի շարք հարցերի, սկսած «վնգստացող» դատավորներից՝ մինչև «կորոնավիրուսային» Սահմանադրական դատարան ու «ծախսված» լրատվամիջոցներ…
Սոցիալական ցանցերում՝ Ֆեյսբուքում և որոշ լրատվամիջոցներում որոշ մարդիկ նույնիսկ քննարկում էին, թե ամենայն հավանականությամբ այդ օրը Փաշինյանը եղել է ալկոհոլի ազդեցության տակ:
Ինչևէ: Մինչ Փաշինյանը մեկ առ մեկ նշում էր, թե լրատվամիջոցները նախկինում ինչպես են աշխատել, կամ «վնգստացող» դատավորներին ու ՍԴ-ին ինչ է սպասվելու, որոշ կեղծ ու իրական օգտատերեր մեկը մյուսի հետևից «լայքում» կամ «սրտիկում» էին նրա ուղիղ եթերային ելույթի տակ, մեր աչքից չվրիպեց գյումրեցի մի կնոջ կատարած գրառում-խնդրանքը: «Պարոն Փաշինյան ջան, ես Գյումրիից եմ, 2-րդ կարգի հաշմանդամ, չեմ կարողանում տանից դուրս գալ, թեկուզ սնունդով օգնեք: Մենք Ձեզ հավատում ենք»,- գրել էր Գայանե Ղազարյան անուն-ազգանունով օգտատերը և նույն գրառման տակ թողել հեռախոսահամարը:
Փաշինյանի այդ ֆեյսբուքյան եթերից մի քանի օր անց 168.am-ը կապ հաստատեց գյումրեցի կնոջ հետ՝ պարզելու, Կառավարությունից որևէ մեկը կապ հաստատե՞լ է իր հետ, որևէ կերպ աջակցե՞լ են:
Պարզվեց, որ մեր զրուցակցի խնդրանքին որևէ մեկը Կառավարությունից չէր արձագանքել:
Մեր զրուցակիցը նախ ասաց, որ վարչապետի ուղիղ եթերի տակ գրառում է կատարել դստեր Ֆեյսբուքի միջոցով, խնդրել է, որպեսզի աղջիկն օգնի իր խոսքն այդ կերպ հասցնել վարչապետին, քանի որ ինքը Ֆեյսբուքում գրանցված չէ:
«Իմ անունը Մարգարիտա է, ինքս 53 տարեկան եմ, ունեմ 2-րդ կարգի հաշմանդամություն, չեմ աշխատում, ապրում եմ դստերս և նրա 2 տարեկան բալիկի հետ: Հինգ տարի առաջ ոտքս կոտրեցի, լավ չբուժեցին, ու այդպես դարձա հաշմանդամ, այժմ տանից չեմ կարողանում դուրս գալ: Ասում են, որ օգնություն են բերել բաժանել, բայց ինքս որևէ օգնություն չեմ ստացել, ասացին, որ Գյումրու քաղաքապետարանն է բերել բաժանել, բայց ես չեմ ստացել: Ինձ «Կարմիր խաչն» է ամեն օր սնունդ բերում: Զանգահարում եմ քաղաքապետարան, բայց քանի որ հեռախոսային խոսակցությունների համար պարտքեր ունեմ, ասում են՝ չի թույլատրվում նման հեռախոսահամարների զանգահարել: Աղջկաս երեխային պահում ենք իմ թոշակով, աղջիկս էլ թունավոր զոբ ունի, բժշկվելու կարիք ունի: Մենք բնակվում ենք ֆոնդի տներից մեկում, որը դոմիկանման մի բան է, էլի…»,- պատմեց Մարգարիտա Ղազարյանը:
Տիկին Մարգարիտան ասաց, որ Կառավարությունից իր խնդրով որևէ մեկը չի հետաքրքրվել, և չնայած դրան՝ վարչապետին վստահում է ու չի էլ ուզում այնպիսի տպավորություն թողնել, թե բողոքավոր է, պարզապես խնդիր ունի, որը բարձրաձայնել է և շատ կուզեր, որ այն անարձագանք չմնար:
«Ես չեմ կարողանում տանից դուրս գալ, եթե որոշեմ գնալ քաղաքապետարան կամ մարզպետարան՝ որևէ մեկի հետ հանդիպեմ, իմ խնդիրները ներկայացնեմ, ապա ինձ անպայման մեկը պետք է տանի, ձեռնափայտով եմ, ինքնուրույն չեմ կարողանում շարժվել: Աղջիկս էլ քանի օր է՝ քրոջս տանն է բնակվում, մեր տունը խոնավ է, չենք ուզում նրա երեխան էլ խոնավության պատճառով հիվանդանա, օրը մի ժամով գալիս է ու նորից գնում»,- շեշտեց նա:
Նա նաև պատմեց, որ երեխայի նպաստով ու իր թոշակով վճարում է կոմունալները:
«Բնակվում եմ Գյումրու Նորավան թաղամասում, եթե կցանկանան ինձ օգնել, ապա կարող են զանգարել իմ հեռախոսահամարին՝ 094-63-50-99»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Հաջորդ օրը կապվեցինք Գյումրու քաղաքապետարանի հետ: Մեր զանգից հետո Քաղաքապետարանից ասացին, որ կզանգահարեն տիկին Մարգարիտային և կհասկանան, թե ինչպես կարող են նրան օգնել, քանի որ իրենք աջակցում են այն խոցելի խմբերին, որոնք նախապես դիմում են ներկայացնում քաղաքապետարան։
Հաջորդ օրը երեկոյան մեզ զանգահարեց տիկին Մարգարիտան և ասաց, որ քաղաքապետարանից զանգահարել են իրեն և հայտնել, որ կաջակցեն։
Նա շնորհակալություն հայտնեց 168.am-ի խմբագրությանը՝ խնդիրը բարձրաձայնելու և համապատասխան մարմնին հասցնելու համար։
Այսօր կրկին կապ հաստատեցինք տիկին Մարգարիտայի հետ: Նա ասաց, որ դիմում է գրել, ընկերուհին տարել է քաղաքապետարան, խոստացել են առաջիկայում աջակցել հաշմանդամ կնոջը:
Իսկ Կառավարությունից որևէ մեկը մինչ օրս չի արձագանքել: