«Այո, մարդիկ իրավունք ունեն մեր վրա ջղայնանալու». Ալեն Սիմոնյանը հիասթափվածների ցուցակ չունի
Այսօր խորհրդարանում լրագրողներն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին, թե արտակարգ դրության պայմաններում ծանո՞թ է հասարակության տրամադրություններին, հիասթափվածների ցուցակ ունի՞, ինչպես, օրինակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուներ հեղափոխությունից հիասթափվածների ցուցակ:
«Ուզում եմ ասել, որ, այո, մարդիկ իրավունք ունեն մեր վրա ջղայնանալու, կջղայնանան ու իրենց որոշումը կկայացնեն: Մենք պարտավորություն ունենք, ես չեմ ապրելու ու գործելու միայն նրա համար, որ հաճելի լինի, ես ամեն ինչ պետք է անեմ, որպեսզի լուծումներ տամ այն իրավիճակներին, որոնց առջև մեզ պատմությունը կանգնեցրել է: Հիմա կորոնավիրուսով պայմանավորված վիճակ է, մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այս իրավիճակից պատվով դուրս գանք, զոհեր չունենանք, և վարակվածների քանակը քիչ լինի»,- շեշտեց Ալեն Սիմոնյանը:
Հարցին՝ արտահերթ զարգացումներ կանխատեսո՞ւմ են, ինչպես, օրինակ՝ նման բան կանխատեսել է իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ որևէ բան պետք չէ բացառել:
«Սակայն քաղաքական առումով բացառում եմ, որ որևէ բան լինի, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տրամաբանությունից դուրս լինի»,- հավելեց նա:
Անդրադառնալով «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին առաջադրված մեղադրանքին և հարցին՝ գործի հետ կապված տեսնո՞ւմ է սլաքներ, որոնք ուղղված են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ այսօր խաղի միակ կանոնն այն է, որ օրենքը պետք է բոլորի դեպքում հավասար գործի՝ անկախ այն հանգամանքից՝ Ալեն Սիմոնյանը կլինի՞, թե՞ Գագիկ Ծառուկյանը:
«Առաջադրված մեղադրանքի առումով որևէ բան չեմ կարող ասել, կսպասենք՝ կտեսնենք, թե ինչ է լինելու, դեռ վաղ է դրա մասին խոսելը: Իսկ Գագիկ Ծառուկյանին առողջություն եմ մաղթում և լավ օր»,- եզրափակեց նա: