Մահացել է Մարտուն Ադոյանը
Կյանքից հեռացել է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մարտուն Ադոյանը:
Այս մասին նշված է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
«Շատ երկար կարելի է թվարկել Ադոյան մարդու առաքինությունները: Նա այն եզակի անձնավորություններից էր, որ իր կյանքի գործը համարեց կինոն, հայ կինոն, նվիրվեց կինոյին, ամեն ջանք ներդրեց կինոմիջավայրի ու կինոմշակույթի պահպանման ու զարգացման համար Հայաստանում: Ադոյանի բացառիկ ջանքերով վերապրեց «Մոսկվա» կինոթատրոնը՝ Հայաստանի համար ծանրագույն օրերին անգամ չթողնելով կինոյի առաջնագիծը: Նրա ջանքերով էր նաև, որ վերապրեց Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնը՝ մնալով մշակութային օջախ մշակութային քաղաքում: Նրա ջանքերով էր նաև, որ կայացան ու զարգացան հայկական կինոփառատոները, այդ թվում և «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ ամենածանր պայմաններում անգամ ապավինելով «Մոսկվա» կինոթատրոն մշակութային օազիսին»,-նշվում է գրառման մեջ:
Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Ադոյանի ջանքերով Երևանի խորհրդանիշ «Մոսկվա» կինոթատրոնը բոլոր դժվարություններով ու խնդիրներով հանդերձ, մնաց Երևանի խորհրդանիշը:
«Մեր հողի հետ ամուր արմատներով կապված ճշմարիտ հայ մարդ էր Մարտուն Ադոյանը, կինոյի ճշմարիտ նվիրյալ ու մշակ, և նրա անունն ու գործը մշտապես մնալու են կինոյի, հայ կինոյի էջերում»,-նշվում է գրառման մեջ: